Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ազգային սահմանադրությունը հանապազ երերման մեջ է։ Նա եղել է խաղալիք զանազան կուսակցությունների և նոցա ներկայացուցիչ այս և այն էֆենդիների։ Նա զբաղված է միշտ Պոլիսով և Բյուզանդիոնի պարսպներից դուրս չէ գնում։ Կարծես, թե մեր մյուս տաճկաբնակ հայերը զուրկ լինեն այդ արտոնություններից... Հրապարակական դասաիասությունները ունեն փոքր ի շատե բավականացուցիչ կերպարանք յուրյանց ներկայիս համապատասխան բնավորությամբը։ Որո ընդհակառակն թատրոնական բեմը հայոց խոսքով դեռ մեծ մասամբ ֆրանսիական վայրիվերո, միմիայն երևակայության և աչքի վերա ազդող պիեսաներ է ներկայացնում, թողելով բուն ազգային կյանքի դաշտը։

Դպրոցները,— իբրև այս և այն պարոնի, իբրև այս և այն սրբազանի մենավաճառության մեքենա,— անհաստատ դրության մեջ են։ Նոքա կողպվում են, բացվում են, ընկնում են, կանգնում են և հանապազ փոփոխությունների մեջ են ապրում, որքան փոխվում են այն անհատները, որոց կամքից և կրքերից կախումն ունի հասարակական կրթության գործը։

Ժողովուրդը այդպիսի հանգամանքներում բոլորովին կրավորական դեր է խաղում։ Նա, որո ուսերի վերա է բարձած այդպիսի հիմնարկությունների բոլոր նյութական ծանրությունը, նորա իրավունքները սարսափելի բռնաբարության ենթակա են։

Գրականությունը չէ ներկայացնում մի բավականացուցիչ երևույթ։ Գրական գիտությունների ինքնաստեղծ, ինքնուրույն հեղինակությունները այնքան աննշան են, որ չլինելության հաշվում պետք է դնել նորանց։ Թարգմանությունը,— փոխանակ յուրյան պարապեցնելու Եվրոպայում ընդունված մանկավարժական, գիտնական և արհեստական գրքերի հայ լեզու վերածելուն, որոցմե այնքան զուրկ են դպրոցները,— զբաղված է վեպերով, ռոմաններով և երգերով։ Այդպիսի գրքերի ազդեցությանը պետք է վերաբերել պոլսեցի հայի այն դյուրագրգիռ և ոչնչով ոգևորվող, ֆրանսիական թեթևությունը, որ է հատկանիշ նորա աշխույժ բնավորությանը։

Մի առարկա, որ առավելապես զբաղեցնում է տաճկաբնակ հայոց կրթյալ դասի մտածմունքը, մի առարկա, որին գլխավորապես նվիրել է յուրյան ազգային մամուլը, — է կղերական խնդիրը: Այդ պարոնները աշխատում են նորից կյանք տալ կղերին, կրթել նորան, բարվոքել նորա դրությունը, որպեսզի նա, նորից ուժ