Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դա այն տեսակ տիպերիցն է, որ հենց սկզբից ուսման և գիտության վրա նայում էր որպես միջոցի վրա, որ իրան լավ ապագա պատրաստե, որ սովորում էր դիպլոմի և արտոնության համար։

Մտնելով կյանքի և հասարակության մեջ, հանգամանքները, կարիքը, նպատակին հասնելու պահանջները սաստիկ զարգացնում են նրա ուշիմությունը։ Նա դառնում է մի ճարպիկ որսորդ։ Նա իսկույն հասկանում է, թե որ կողմիցն է փչում քամին և նրա համեմատ պարզում է իր նավի առագաստները կյանքի ծովի մեջ։ Համոզմունք ասած բանը չկա նրա մեջ։ Հանգամանքներից օգուտ քաղել — ահա՛ նրա գլխավոր համոզմունքը։ Եվ այդ է, որ շինում է նրան մի տեսակ քամելեոն, մի տեսակ առասպելական էակ, որ անդադար փոփոխվում է թե կարծիքների և թե գործողությունների մեջ, որը ինչ առարկայի և մոտենում է, իսկույն նրա գույնը և ձևն է ընդունում։ Անհաստատակամությունը նրա գլխավոր հատկանիշն է։ Բայց մի գիծ, որ մնում է նրա մեջ անփոփոխ — այդ է շահամոլությունը, որի համար զոհում է ամեն ինչ, որքան և սուրբ լիներ։

Նա հիմար չէ։ Նա լեզվով գոնե ցույց է տալիս իր համակրությունը և հակակրությունը դեպի ամեն լավ և վատ գործ։ Լիբերալի մոտ ազատամտություն է մսխում. հետադեմի մոտ վերջին աստիճանի պահպանողական է ձևանում. ազգասերի մոտ լաց է լինում Թուրքիայի հայերի վիճակի վրա. մի օտարականի մոտ ասում է, թե բոլոր հայերը «մաշենիկներ» են. հայր սրբի մոտ կղերական է ձևանում. մի ուրիշ տեղ պախարակում է ազգային եկեղեցին. խոսում է անձնական պատվի և ազնվության վրա, բայց պատահած տեղը լիզում է ազդեցություն ունեցող մի մարդու ոտները. — վերջապես դեպի ամեն կողմ թեքվում է, դեպի ամեն կողմ ծալվում է, մինչև կարողանում է մի պաշտոն ձեռք բերել։ Այժմ հասավ ցանկալի նպատակին։ Այնուհետև նա կտրվում է հասարակությունից և սկսում է իր նեղ շրջանի մեջ գործել։ Նա, որ առաջ շողոքորթում էր ամբողջ հասարակությանը, այժմ սկսում է շողոքորթել իր պաշտոնակիցներին, իր մեծավորին, որ ոտքը նրա օգնության վրա դնելով, կարողանա բարձրանալ իր բռնած դիրքի աստիճանները։

Բայց որտեղի՞ց, ե՞րբ վարժվեցավ նա այդ տեսակ պրակտիկայի, այդ տեսակ գործնականության մեջ։ Ընտանիքը տվեց նրան այդ դաստիարակությունը։ Նույնը, ինչ որ գործում էր վաճառական հայրը, գործում է և բարձր ուսում ստացած որդին։ Զանազանությունը միայն մեկ ձևի և կրթության աստիճանի մեջն է։ Անկիրթ