Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրն ավելի կոշտ-կոպիտ կերպով էր խաբում, իսկ կրթյալ որդին ավելի նրբացրել է խաբեությունը։ Նա հարստահարում էր իր խանութի մեջ, իսկ դա հարստահարում է մի ուրիշ ասպարեզում։ Գործողությունների բնավորությունը չէ փոխվում։ Այս պայմանների մեջ հին և նոր սերունդը ձուլվում են միասին։ Գտնվում են, այո՛, և ազնիվ անձնավորություններ, որոնք ավելի մաքուր ճանապարհով են դիմում իրանց բախտին, բայց ցավելով պետք է ասել, որ այդպիսիները բացառություն են համարվում։

Դառնանք դեպի մյուս տեսակ ուսանողները, որոնք հափշտակված էին բարձր գաղափարներով, որոնք պատրաստվել էին իրանց հասարակությանը և ազգին ծառայելու։

Գլուխը լցրած զանազան ծրագրներով, նա մտնում է կյանքի մեջ. ինչ բարի գործ ասես, որ չէ ցանկանում սկսել — լրագիր, ամսագիր, գրքերի հրատարակություն և այլն։ Ժողովրդին շատ բան պակաս է, պետք է լրացնել բոլորը, մտածում է նա։ Հագնվում է հասարակ կերպով, խոսում է տաք և եռանդով. նրա թե լեզվի և թե ձևերի մեջ նշմարվում է պարզություն և անկեղծություն։ Նա մոտենում է այս և այն գործող խմբին, որպես իր եղբայրակիցներին, քաջալերում է նրանց ասելով. «պետք է կրկնապատկել ուժերը, գործը դանդաղ է ընթանում, բայց ժամանակը չէ սպասում»։ Խոսում է, վիճում է, տալիս է նոր խորհուրդներ, ստեղծում է նոր պլաններ։ Անցնում են շաբաթներ, ամիսներ, տարիներ... նա դեռ մտածում է, նա դեռ խոսում է... Ցանկանում է մի հրաշք գործել և մի անգամով զարմացնել աշխարհը։ Նա չէ սիրում փոքրից սկսել, իսկ մեծ բան գործելու համար չեն ներում հանգամանքները։ Մոտենում է նա, օրինակ, մի խմբագրի, որ շաբաթը մի անգամ հազիվ կարողանում էր հրատարակել իր թերթը, «դրանով բան չի դառնա, ասում է նրան, պետք է ամեն օր հրատարակել, պետք է այս գրել, այն գրել»… Բայց ինքը մի տող անգամ չէ գրում։ Անգործության մեջ եռանդը, ոգևորությունը թուլանում է, սրտի կրակը մարում է... Նա սկսում է զգալ իր դրության անտանելիությունը։ Տեսնում է, երեկվա ընկերը, հիմար, իդիոտ և ոչինչ չսովորած ընկերը, այսօր սեփական կառք ունի, հազարներով եկամուտ է ստանում։ Այդ փառքը հրապուրում է նրան։ Նա թոթափում է իր առաջին հափշտակությունը և սթափվում է իր ազնիվ արբեցությունից... Ազգ, հայրենիք, հասարակություն, այս բաները փոքր առ փոքր անհետանում են նրա գլխից... Նրա աչքի առջև կերպավորվում է իր Եսը, որին առաջ մոռացել էր։ «Չէ, մտածում է նա,