Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է առաջ իր անձը ապահովել, հետո ուրիշների վրա մտածել»։ Հանկարծ առաջարկում են մեր ազգասերին մի պաշտոն, մի «յուղալի պատառ»։ Նա այժմ ծառայության մեջ է, տարեկան մի քանի հզար եկամուտ ունի։ Նա մեծ կրեդիտ է ստանում ամուսնության վերաբերությամբ. ամեն կողմից առաջարկում են հարուստ աղջիկներ։ Պսակվում է։ Այժմ աշխատում է իր կացությանը փառավոր շուք տալ. վարձում է ամենագեղեցիկ տան վերին հարկը, և զարդարում է սենյակները զանազան սնոտիքներով։ Նա, որ առաջ դեմոկրատական պրինցիպների էր հետևում, և ինքը նույն ծագումից էր, այժմ ձևացնում է իրանից ազնվարյուն արիստոկրատ։ Պատվիրում է սպասավորին իր սալոնի մեջ մուտք չտալ այն մաշված սյուրթուքով պարոններին, որոնց հետ առաջ իր ազգի առաջադիմության մասին երկար ու երկար մասլահաթներ էր անում։ Երբ փողոցում հանդիպում է հին բարեկամին, երբ ցանկանում է արժանացնել նրան իր ուշադրությանը, արհամարհական ժպիտը երեսին հարցնում է. — «как идет ваша газета», և շուտով անցնում է, նեղվելով, մի գուցե տեսնեին իրան նրա հետ խոսելիս։

Չէ կարելի ասել, թե այս տեսակ տիպերի ոգևորությունը և բարի ցանկությունները հենց սկզբից անկեղծ չէին։ Միայն բնավորության թուլությունը, համոզմունքի անհաստատությունը, տոկունության բացակայությունն առիթ է տալիս նրան շուտով փոխվել։ Նրանք այն աստիճան տկար են լինում, որ չեն դիմանում կյանքի հակառակ հոսանքին, և սկսում են նրա ընթացքով գնալ։ Այս տեսակ տիպերը նմանում են այն մետեորական երևույթներին, որ կոչվում է ասուպ, որը հանկարծ հայտնվում է մթնոլորտի մեջ, փայլում է, բոցավառվում է, և հետզհետե սառչելով, վերջապես հանգչում է և ընկնում է ցած...

Ես նկարեցի պատկերները երկու տարբեր տիպերի, որոնք հակառակ ճանապարհներով մոտենում են միմյանց, ձուլվում են, և կազմում են մի ամբողջություն։ Այժմ համեմատենք այդ երկու տիպերը։ Մեկը, որպես գործնական մարդ, հենց համալսարան մտած օրից իրան նպատակ է դնում այնքան սովորել, որ դիպլոմ ստանա, արտոնություններ ձեռք բերե, որ իր համար մի լավ ապագա պատրաստե։ Նա բացի իր անձից, ուրիշի վիճակով չէ հետաքրքրվում։ Այս տեսակ մարդուն, եթե չէ կարելի համակրել, գոնե կարելի չէ և պախարակել։ Նա հավատարիմ է մնում իր ուխտին և նրա համեմատ գործում է։ Իսկ մյուսը, որպես իդեալական մարդ, աշխատում է, սովորում է, և համալսարանից իրան նպատակ է դնում, որ