Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանությունը։ Մինչդեռ արքունական ծառայողները գործի միակերպության մեջ վաղօրոք ծերանում են, բթամտանում են և մահը երբեմն ավելի շուտ է հասնում, մինչև նրանք կստանային պենսիա կամ ստատսկի սովետնիկի չին։

Մեծ հաջողություն են գտնում Թիֆլիսում բժիշկները, մանավանդ նրանք, որ ռուսաց համալսարաններում ավարտելուց հետո մի կամ երկու տարի անց են կացնում արտասահմանում։ Ոմանք քեֆի համար են գնում, իսկ ոմանք իսկապես մի բան սովորում են։ Բայց ժողովուրդը միշտ նշանակություն է տալիս Գերմանիա կամ Ֆրանսիա տեսած բժշկին, որպես արտասահմանի ապրանքին։ Ավելի դժբախտ են լինում այն ուսանողները, որոնք սովորել էին գյուղատնտեսական մասը` երկրագործություն, այգեգործություն, գինեգործություն և այլն։ Իրանք կապիտալ չունենալով սովորած մասնագիտությունն իրացնելու համար, մնում են անգործ։ Իսկ կալվածատերերը չեն հրավիրում նրանց, որովհետև կանոնավոր գյուղատնտեսությունը դեռ մուտք չէ գործել Կովկասում։

Ճշմարիտն ասած, շատ դժվարին է լրագրական հոդվածի մեջ ցույց տալ այն ընդարձակ աշխարհը, ուր զանազան ասպարեզներում գործում է մեր համալսարանական երիտասարդությունը։ Ես պետք է նկատեմ միայն ընդհանուր գծերը։ Այժմ մնում է մի քանի խոսք ասել այն երիտասարդների մասին, որոնք ավարտում են կամ կիսավարտ դուրս են գալիս զանազան գիմնազիաներից և միջնակարգ դպրոցներից, և համալսարան մտնելու միջոցներ չունենալով, մնում են Թիֆլիսում։ Դրանք լինում են ըստ մեծի մասին աղքատների որդիներ և դպրոցի նստարանները թողնելուց հետո, ստիպված են աշխատել օրական հացի համար։ Մեր վաճառականները նրանց չեն ընդունում գործակատարության մեջ, մտածում են, որ ուսյալներին չեն կարող հնազանդության մեջ պահել, որպես իրանց սովորությունն է։ Ուրիշ ոչինչ չէ մնում նրանց, բացի արքունական ծառայությունից, բացի վարժապետությունից մանր դպրոցներում, կամ անգործ թափառելուց։ Դրանք լինում են ավելի փառասերներ, քան համալսարանականները, ստոր պարապմունքների «լայաղ» չեն անում։ Դեղին կոճակները և մունդիրը սաստիկ հրապուրում են նրանց։

Հիմա մտնենք մտավորական աշխարհը, տեսնենք, ինչ են շինում գրողները, ուսուցիչները, արտիստները, և առհասարակ այն երիտասարդությունը, որ ներկայացնում է Ո“իֆլիսի մեր ինտելիգենցիան։