Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բեռնավորել ամեն տեսակ նյութերով։ Պուբլիցիստիկան և բելետրիստիկան ձեռք ձեռքի տված էին ընթանում։ Վիպասանը նկարում էր պատկերներ ժողովրդի կյանքից, ցույց տալով նրա տգեղ այլանդակությունները։ Տնտեսագետը հարվածում էր անխիղճ վաշխառուի և հարստահարիչ կապիտալիստի հարաբերությունները մշակ դասի հետ։ Մորալիստը խորտակում էր այն սև նախապաշարմունքները, որ ծանրացած էին ամբոխի հոգու վրա, և մատուցանում էր բարոյական նոր սնունդ։ Առողջ խոսքը բխում էր կենդանի աղբյուրից և տարածում էր դեպի ամեն կողմ նոր մտքեր։ Կրիտիկական ոգին գործում էր իր անխնա անգթությամբ։ Նա միանում էր հեղինակի կաբինետը, վաճառականի խանութը, արհեստավորի գործարանը, ծառայողի ատյանը, գյուղացու խրճիթը, մեծատան սալոնը, վարժապետի դպրոցը, կղերի մենարանը — մի խոսքով, կյանքի բոլոր ծալքերում պտտվում էր նա, և խավարի միջից դուրս էր քաշում ինչ որ անարժան էր։ Այդ բոլորը գործվում էր այն շկոլայի մեջ, որ հիմնեց «Մշակը», ուր երիտասարդությունը ուսանում էր և ուսուցանում էր։

Ես երբեք չեմ կարող մոռանալ այն աղմկալի ժողովները, որ կազմվում էին այդ լրագրի խմբագրատան մեջ մի քանի տարի առաջ։ Եթե ես ունեցել եմ իմ կյանքում մի քանի ոսկի րոպեներ — դրանք պատկանում են այն ժամանակին։ Ժողովների մեջ ոգևորված և բորբոքված վիճաբանությունները տևում էին շատ անգամ մինչև գիշերվա ժամի երկուսը։ Փոքրիկ, բոլոր նյութական միջոցներից զուրկ, բայց բարոյապես հարուստ խումբը ծրագրում էր հսկայական պրոեքտներ։ Այդ դոնքիշոտությունը, երևակայության այդ տենդագին բորբոքումը, թեև մասամբ ծիծաղելի էր, բայց գեղեցիկ էր, որպես մանուկի ժպիտը, որ արտահայտություն է նոր սկսվող կյանքի։ Իդեաների խորին արբեցության մեջ, ամեն մի երիտասարդ մոռանում էր իր վիճակի դաժանությունը, և մտածում էր, վիճում էր հասարակաց բարօրության մասին։ Կես-գիշերից հետո նիստը վերջանում էր։ Խումբը ցրիվ էր գալիս բուլվարների վրա, երբ բոլոր հյուրանոցները փակված էին լինում։ Բայց դարձյալ խուլ և անապատացած փողոցների մեջ շարունակվում էր ընդհատված վիճաբանությունը։ Այն ժամին, երբ բախտավոր թիֆլիսեցին հանգստանում էր իր փառավոր քնարանի մեջ, մեր կիսամերկ շրջմոլիկները, Գոլովինսկի պրոսպեկտի սալերը դղրդելով, քննադատում էին մի նշանավոր հասարակական հարց։ Ձյունը, անձրևը, սառը քամին չէր քշում նրանց դեպի իրանց ողորմելի բնակարանները,