Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ ավելի զովացնում էր և ավելի կազդուրում էր տաքացած գլուխները։ Նրանք բաժանվում էին միմյանցից, երբ զարկում էր առավոտյան զանգակը. այն ժամանակ գնում էին հանգստանալու, որ մյուս օրը նոր ուժով սկսեն աշխատել։

Եթե ընդունենք այն ընդհանուր պայմանը, թե յուրաքանչյուր 25 տարուց հետո ամեն մի երկրի երիտասարդությունը փոխվում է, այն ժամանակ 58 և 72 թվականները խորհրդավոր նշանակություն կստանան մեզ համար։ Երկու որոշ ժամանակամիջոցներ ներկայացնում են երկու որոշ երիտասարդություն, մեկը իդեալական, մյուսը ռեալական։ Առաջինը ծնունդ է «Հյուսիսափայլի», իսկ երկրորդը ծնունդ է «Մշակի»։ Ես հիշում եմ երկու պերիոդներն ևս, որովհետև երկուսի մեջ էլ գործել եմ. «Հյուսիսափայլի» ժամանակ հայտնվեցան բանաստեղծներ, իսկ «Մշակի» ժամանակ պուբլիցիստներ։ Բացառությունները շատ աննշան են։ Եթե վեր առնենք մեր այժմյան փոքր ի շատե աչքի ընկնող, կամ մանր-մունր գրողներին, կտեսնենք, որ բոլորը «Հյուսիսափայլի» ժամանակից մնացորդներ են։ Նոր տաղանդներ չհայտնվեցան։ Եվ այս պատճառով, թեև լրագրությունը ծաղկեց «Մշակից» հետո, բայց գրականության դաշտը մնաց անապատ։

Հիշյալ երևույթի պատճառը կարելի է հեշտ կերպով բացատրել։ Անհերքելի է, որ մեր մտավոր զարգացման և ռուսների մեջ կա մի ներքին կապ։ 40-60 թվականները տվեցին Ռուսաստանին իր ամենաերևելի գրողներին։ Նրանից հետո տիրեց թմրությունը։ Նույնը պատահեց և մեզ հետ։ Համարյա միևնույն ժամանակներում լույս տեսավ «Հյուսիսափայլը» և ներկայացրեց մի ամբողջ շարք գրողների։ Իսկ նրանից հետո նոր քանքարներ չհայտնվեցան։

Երբ հսկաներ չեն հայտնվում, ասպարեզը մնում է գաճաճներին։ Ծիծաղելի էր տեսնել, որ վերջին տարիներում յուրաքանչյուր համբակ ձգտում էր բանաստեղծ և մատենագիր լինել։ Խիստ կրիտիկայի բացակայությունն ավելի լրացրեց այդ խենթերին։ Չպատրաստված և անտաղանդ գրողներն ավելի անհամեստ և ավելի հանդուգն են լինում։ Կարելի է իսկույն նկատել, թե որպես քիթը վեր քաշած և որպես հպարտությամբ Թիֆլիսի փողոցներով անցնում է մի իմաստակ, որի մի քանի նամակները տպվել էին այս և այն լրագրում, կամ հրատարակել էր մի հիմար բրոշյուր։ Վիկտոր Հյուգոն իր փառքի բարձրության վրա ավելի համեստ է, քան թե այս տեսակ խենթերը։ Առհասարակ ամեն ազգի մեջ սկզբում հայտնվում են խոշոր տաղանդներ և ձգում են իրանց ետևից բազմաթիվ