Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևողների։ Իսկ մեր մեջ մի Աբովյան հայտնվեցավ, որի գիրքը, թեև տենդենցիայով հարուստ, բայց լեզվի կողմից ճապաղ, և գեղարվեստական արժանավորություններից թույլ մի ստեղծագործություն է։ Այդ հեղինակությունն ունեցավ մի քանի անշնորհք հետևողներ։ Ես հարկ չեմ համարում ցույց տալ օրինակները։

Բայց պետք է արտաքին հանգամանքները նույնպես նպաստեին նոր գրողների հայտնվելուն։ Առհասարակ գրականական երիտասարդությունն աղքատ է լինում։ Քաղցածությունը, թեև մի կողմից զորություն է տալիս տաղանդին, բայց մյուս կողմից կարող է սպանել նրան։ Ոչ բոլոր բնավորությունները լինում են տոկուն։ Թեև պատահում են ճշմարիտ երկաթի բնավորություններ։ Ես ճանաչում եմ մեկին, որ ամեն տարի գրում է մի կամ երկու վեպ և համառությամբ փակում է իր գրասեղանի արկղիկի մեջ։ Բայց նա շատ անգամ օրական ծխելու պապիրոսի փող չունի։ Մի օրինավոր ամսագիր կարող էր նպաստել նոր ծնվող ուժերի զարգանալուն։ Եվ այս պատճառով «Փորձի» հրատարակությունը սկզբում ուրախությամբ ողջունվեցավ մեր ամենի կողմից, մանավանդ, որ այդ ամսագրի խմբագիրն առաջին օրինակը եղավ, որ սկսեց վարձատրել իր աշխատակիցներին։ Բայց սպասված հույսը չպսակվեցավ։ Որովհետև «Փորձի» խմբագրատան մեջ հավաքվեցան միևնույն հին ուժերը — թարգմանիչները, կոմպիլատորները, արխիոլոգները, մաշված թեմաները նորից ծամծմող վիպասանները, ավերակների արձանագրություններ արտագրող և գերեզմանատների մեջ թափառող, բայց կենդանի մարդիկ չտեսնող ճանապարհորդները, իսկ ինքնուրույն բաներ գրողները, կենդանի նյութերի մասին գրողները խիստ սակավ մտան այդ ամսագրի խմբագրատան մեջ։ Եվ այս է պատճառը, որ «Փորձը» ներկայացնում է կատարելապես Մասիսյանի խանութը, այսինքն` մի մագազին, ուր վաճառվում են գլխավորապես մաշված հնոտիներ մի քանի թարմ ապրանքների հետ։ Կարծես թե, այս ամսագիրը մի ապսպրած (заказной) հրատարակություն լիներ, որի ուղղությանը, երևի, ինքը խմբագիրն էլ չէ հավատում...

Ես ցույց տվեցի Թիֆլիսի մեր ինտելիգենցիային պատկանող երիտասարդության երեք զանազան խմբերը, որոնք շրջապատում են երեք հիմնարկությունների` «Մշակի», «Մեղուի» և «Փորձի» խմբագրատները։ Դրանք ձևացնում են երեք տարբեր կուսակցություններ, որոնց դիտավորությունն իսկապես միևնույնն է, բայց զանազանությունը նրա մեջն է միայն, որ յուրաքանչյուրը այլ և այլ