Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի առանձին գործունեությամբ։ Մեր գրական երիտասարդությունն այժմ զոհաբերության պերիոդի մեջն է գտնվում։ Եվ այս պատճառով մեր բոլոր կրթողական հիմնարկությունները, որպես են` լրագիր, ամսագիր, թատրոն, դպրոց, և այլն, պահպանվում են զոհաբերություններով։ Խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին։

Մինչդեռ ուրիշ ազգերի մեջ լրագրապետները հարստանում են, և աշխատակիցներն ահագին փողեր են ստանում, մեր խմբագրները ոչ միայն չեն շահվում, այլ իրանց քսակից ամեն տարի մի քանի հազար ռուբլի վնաս են կրում։ Այդ մեծ զոհաբերություն է։ Ժողովուրդը չէ նպաստում գործին։ Ամենահաջողված պարբերական հրատարակությունը հազիվ տարեկան 1000 բաժանորդ է ստանում, իսկ անաջողները` 3-4 հարյուր։ Նույնը կարելի է ասել և գրքերի մասին։ Ուրիշ ազգերի մեջ մի բանաստեղծ մի լավ րոման գրելով, իր ամբողջ կյանքն ապահովացնում է։ Իսկ մեր մեջ բախտավոր պետք է համարել հեղինակին, եթե կարողանա տպագրության ծախսը դուրս բերել։ Եվ այս պատճառով գրականական ասպարեզը մեր երիտասարդության համար մի փշոտ ասպարեզ է։ Նրանց պետք է ժամանակի նահատակներ համարել։ Ապագան կգնահատե նրանց, կամ կաստվածացնե, այդ ուրիշ խնդիր է, իսկ ներկան հաց է պահանջում։ Իդեալական սերը ոչ ամեն ժամանակ կարող է օժանդակել գրողներին հարատևելու իրանց պարապմունքի մեջ, երբ որ այդ պարապմունքն ապրուստի միջոց չէ տալիս։ Այդ պարագաները փոքր պատճառներ չեն, որ մեզանում գրողներ կամ իսպառ չեն հայտնվում, կամ եղածներն առաջադիմություն չեն գործում։

Մենք չէինք ունենա մեր այժմյան պարբերական հրատարակությունները, եթե նրանց խմբագրները նյութապես ապահովված անձինք չլինեին։ Այդ մեծ բախտ է, որ հարուստները ձեռնարկում են այս տեսակ գործերի, և կարող են ամեն տարի մի քանի հազար ռուբլի զոհել իրանց գաղափարին։ Բայց մինչև ե՞րբ։ Ընդունում են, որ մի ժողովրդի մեջ, որպես մերն է, այս տեսակ ձեռնարկությունները սկզբում պետք է զոհաբերությամբ հիմնված լինեին։ Բայց այդ անում է մի ընկերություն, և ոչ մասնավոր անձինք։ Այդ կետից նայելով, մեր խմբագիրների աշխատությունը պետք է բոլորովին բացառական երևույթ համարել։ Բավական չէ, որ նրանք զոհում են իրանց արծաթը, այլ զոհում են իրանց հանգստությունը, առողջությունը և վերջապես բախտը, գուցե ուրիշ ասպարեզներում նրանք ավելի երջանիկ կլինեին։ Ես թեև շատ փոքր ծանոթ եմ մեր խմբագրների մասնավոր կյանքին, բայց դարձյալ գիտեմ, թե ինչ