Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խումբ էին և որոշվում էին հասարակ դերասանից նրանով միայն, որ վարձկաններ չէին, այլ բարոյապես համակրում էին բեմի արհեստին։ Նրանց առաջնորդում էր բեմի կրթողական նշանակությունը և ոչ անձնական շահը, որ այնքան չնչին էր, մինչ հիշելն անգամ ավելորդ է։ Եվ պետք էր երկաթի տոկունություն ունենալ մի այսպիսի գործ երկար տարիներ առաջ տանելու համար։ Այս պատճառով, թեև հայտնվեցան տաղանդներ, բայց տվեցին և զոհեր[1]...

Ոչ սակավ ուշադրության արժանի է բեմական գրողների վիճակը։ Նրանք գրում էին պիեսներ և միևնույն ժամանակ ստիպված էին պահպանել կամ մի կերպով հովանավորել դերասանների խմբին, որ նրանց ամբողջությունը չխանգարվեր, որպեսզի խաղացվեին իրանց ստեղծագործությունները։ Այսպիսի մի աշխատություն հանձն էր առել Մոլիերը, բայց նա շահվում էր իր ձեռնարկությունից։ Իսկ մեր հեղինակներն իրանց քսակից ծախսում էին, որ տեսնեն բեմի վրա իրանց նկարած տիպերին։ Այդ բավական չէ, նրանք շատ անգամ ռեժիսյորի պաշտոն էին կատարում, տոմսակներ էին ծախում, մի խոսքով, ամեն հնարք գործ էին դնում, որ դերասանները շահվեն։ Այդ բոլորն այժմ մեր աչքին խիստ հասարակ բաներ են երևում։ Բայց կգան օրեր, երբ վերջապես հայոց բեմական գրողը կստանա հազարներ իր հեղինակության համար։ Այն ժամանակ երկու անուններ միշտ անմոռաց կմնան հայոց թատրոնի ժամանակագրության մեջ, թե որպես հիմնողներ, թե որպես պիեսների ստեղծագործող տաղանդներ։

Նույն երևույթները, ինչ որ տեսանք լրագրության, գրականության և թատրոնի մեջ, կտեսնենք նաև դպրոցների վերաբերությամբ։ Ռուսաստանի մեր բոլոր նշանավոր դպրոցները, սկսյալ Լազարյան, Ներսեսյան դպրոցներից, մինչև Էջմիածնի ճեմարանը և Ախալցխայի ծխական դպրոցները, հիմնված են կամ մասնավոր անձերի կտակներով, կամ ժողովրդի նվերներով։ Դարձյալ զոհաբերություն, դարձյալ սիրողներ։ Բայց այդ բոլոր նվիրված հազարավոր ռուբլիներն ինձ այնքան չեն գրավում, որքան գրավում է ինձ օրվա մեջ մի կամ երկու ժամ ձրի դասատվությունը մի երիտասարդի, որ զոհում է նա իր թանկ ժամանակից այս և այն օրիորդաց

  1. 1 Ես այժմյան թատրոնական կոմիտետի գործունեության մասին խոսել հարկ չեմ համարում, որովհետև դեռ հայտնի չէ, թե վախճանն ինչ կլինի։ Միայն այսքանը կարելի է նկատել, որ առաջ դերասաններին թողնում էին քաղցած մեռնել, իսկ այժմյանների գլխին ոսկիներ են թափում։ Երկու ծայրահեղություններ, որ չափազանցության են հասում։