Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր խաբել «մուշտարուն»: Պարսկական ճաշակով շինված հին քարվանսարաները բոլորովին համապատասխանում էին վաճառականների այդ կարևորությանը: Հիմա էլ կարելի է տեսնել այն տեսակ խանութներ բաղնիքների կողմի քարվանսարաներում կամ հին բազազխանայում (темный ряд): Յուրաքանչյուր քարվանսարա, որպես կենտրոն մի խումբ վաճառականների, ուներ իր առանձին ուստաբաշին կամ թաջիր բաշին, այսինքն վաճառականների գլխավորին: Նա վճռում էր առևտրականների մեջ ծագած վեճերը, և թե պաշտոնական, թե բարոյական ազդեցություն ուներ նրանց վրա: Վճիռները լինում էին բերանացի, առանց որևիցե ատենագրության: Բայց առաջին վաճառականական դատարանի (коммерческий суд) բացվելուց հետո, որ տևեց միայն մի քանի տարի, թաջիրբաշիների ազդեցությունը թուլացավ, թեև մինչև այսօր հին վաճառականները մի առանձին ափսոսանքով են հիշում վաղեմի դրությունը, ասելով, թե այն ժամանակ ավելի լավ էր, գործերը շուտ էին վճռվում:

Բայց այն օրից, երբ հին քարվանսարաներն իրանց նշանակությունը կորցրին և փողոցների վրա հայտնվեցան եվրոպական ձևով մագազիններ, վաճառականների կյանքի մեջ մի նոր փոփոխություն առաջ եկավ: Ասիական դուքանը եվրոպական մագազին դառնալով, Թիֆլիսի վաճառականն էլ չուխան, արխալուղը և մորթե գդակը փոխեց, սյուրթուկ, ժիլետ հագավ, շլյապա կրեց, և սկսեց եվրոպացու նման առևտուր անել, թեև բուն գործողության մեջ չփոխվեցան վաղեմի ձևերը: Այսուամենայնիվ, դա մի մեծ քայլ էր դեպի առաջադիմություն: Թիֆլիսում մի ժամանակ մատով էին ցույց տալիս այն վաճառականին, որ մի անգամ ոտքը դուրս էր դրել Ռուսաստանի սահմանից: Իսկ այժմ Փարիզ, Մարսել, Վիեննա, Լայպցիկ, Լոնդոն, Մանչեստեր, Մոսկվա և Նիժնի-Նովգորոդ քաղաքներն այնքան սովորական են դարձել թիֆլիսեցու համար, որպես Մուշտեիդի այգին: Եվ այդ փոփոխությունները եղան զարմանալի արագությամբ, մի 10-15 տարվա ընթացքում:

Բայց հին սովորությունները, որպես հիշեցի, իսպառ չկորցրին իրանց հետքերը: Ես չեմ խոսում վաճառականների թեթև բարոյականության, անկանոն հաշվապահության և ուրիշ անկարգությունների մասին: Միայն կասեմ, ինչ որ վերաբերում է երիտասարդ գործակատարներին։ Առհասարակ թիֆլիսեցի վաճառականը խիստ դժվարությամբ է ընդունում իր խանութում մի արդեն վարժված և պատրաստված գործակատարի (պրիկազչիկ), որ թողել էր իր ծառայությունը