Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ուրիշ տեղ էր որոնում։ Այսպիսիներին շատ չեն հավատում. «Եթե լավ լիներ, իր խազեինը ձեռքից բաց չէր թողնի», մտածում են նրանք։ Եվ այս պատճառով մեր առևտրական աշխարհում չկա գործակատարների մի առանձին դաս, որ ազատ լինեին իրանց գործունեության մեջ և ցանկացած մարդու մոտ ծառայություն ընդունեին։ Համարյա բոլոր խանութներում դեռ պահպանվում է հին սովորությունը, վեր առնել փոքրիկ աշակերտներ, որոնք սովորելով, վերջը գործակատարներ են դառնում։ Դժվար է նկարագրել, թե որքան տանջանքների պետք է համբերե ողորմելի աշակերտը և որքան տարիներ պետք է ձրի ծառայե, մինչև կարողանա գործակատարության աստիճանի հասնել։ Դա մի ամբողջ կուրս է, որ նա պետք է անց կենա սարսափելի տոկունությամբ։ Առհասարակ այսպես է լինում, աշակերտությունից նա դառնում է իր «խազեինի» գործակատարը, ռոճիկ է ստանում, հետո փոքրիկ գումարի տեր դառնալով, իր համար առանձին առևտուր է սկսում։ Թիֆլիսի բոլոր նշանավոր վաճառականները սկսել են աշակերտությունից։ Նրանք առաջ եղել են աղքատ աշակերտներ։

Խանութի աշակերտն ամբողջ օրը մեքենայի նման պտտվում է, մի րոպե հանգստություն չունի, նստել չէ կարող, ուտում է ոտքի վրա։ Երբեմն նրան կտեսնեք խանութից դուրս, քաշված մի անկյունում, նիրհում է։ Որքան քաղցր են հանգստության այն մի քանի րոպեները, որ նա գողանում է իր վարպետի զգույշ հսկողությունից։ Ծանր ապտակը զարթեցնում է նրան, և նա արտասուքը սրբելով, կրկին ներս է վազում աշխատելու։ Աշակերտն ավելի բախտավոր կլիներ, եթե չստիպեին կատարել, բացի խանութից, և «խազեինի» տան սպասավորությունները։ Աղջիկ պարոնի ապսպրանքները սաստիկ հոգնեցնում են նրան։ Կիրակի օրերը նա ազատ է։ Այսօր գործում է իր համար։ «Русский базар» կոչված տոնավաճառանոցում փոքրիկ աշակերտը ծախում է զանազան իրեղեններ։ Նա ընկերացել է իր նման մի ուրիշ աշակերտի հետ, և տարվա ընթացքում խնայած կոպեկներով, որ գումարվել էր նրանց ստացած «շագիրդանաներից», կազմել են մի փոքրիկ կապիտալ։ Սեղանի վրա դարսած է նրանց վաճառքը — զանազան տեսակ սապոններ, սանրեր, թաշկինակներ, գուլպաներ, և ուրիշ այս տեսակ իրեղեններ։ Աղմկալի ձայներով գնողներ են հրավիրում և վաճառում են։ Այդ հիմքն է նրանց ապագա մեծ գործունեության։

Որպես խանութի մեջ ոտքի վրա սովորում է աշակերտն առևտուրի եղանակները, որպես ծանոթանում է ապրանքների հետ,