Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպես էլ ոտքի վրա ծանոթանում է նա տառերի հետ և սովորում է գրել-կարդալ։ Նրա վարժապետը լինում է իրանից մեծ աշակերտը։ Տառերի գործածության մեջ, իհարկե, հետզհետե վարժվում է նա, բայց դարձյալ մնում է անգրագետ։ Բացառություն պետք է համարել այն աշակերտները, որոնք որևիցե ծխական դպրոցում ավարտելուց հետո խանութ մտնեին։ Մեծամասնության շկոլան լինում է խանութը. այստեղ ստանում են նրանք իրանց մտավոր և բարոյական կրթությունը, որ շատ նախանձելի չէ կարելի համարել։ Մեծ բարերարություն կլիներ վաճառականական մանուկ սերնդին, եթե նրանց համար կկազմվեին առանձին լսարաններ, ուր շաբաթը մի կամ երկու անգամ հաճախելով, նրանք կսովորեին լեզուներ, և կվարժվեին գրագիտության մեջ։

Աշակերտը 10-12 տարեկան հասակում մտնելով մի խանութ, հազիվ թե 7 տարուց հետո դառնում է գործակատար։ Երբ նրան ամեն կողմից հավատարիմ են գտնում, այնուհետև հանձնում են գործեր, և երբեմն ուրիշ քաղաքներ են ուղարկում ապրանքներ գնելու համար։ Բայց հավատարմությունը վաճառականների կարծիքով պետք է ուրիշ մտքով հասկանալ։ Այն գործակատարը հավատարիմ էր, որ կատարում էր իր «խազեինի» բոլոր պատվերները, թեև նրանք շատ հեռու լինեին բարոյական հատկություններից։ Բայց ինչ որ հետաքրքրական է գործակատարների ձգտումների մեջ, դա է նրանց սաստիկ ցանկությունն ազատ լինել և իր համար առանձին գործ սկսել։ Նրանք խիստ ուշ են ամուսնանում, սպասում են մինչև խանութի տեր դառնային, փող վաստակեին, որ լավ աղջկա հետ պսակվեին։ Ուզում եմ ասել, որ հարուստ աղջիկ առնեին։

Գործակատարների կյանքը սաստիկ անվայելուչ կողմեր է ներկայացնում։ Ցերեկը նրանք խանութից հեռանալ չեն կարող, առավոտյան ժամը ութից մինչև գիշերվա ժամը 12-ը զբաղված են մուշտարիներով։ Կերակրվում են աղայի սեղանի փշրանքներով, որ բերել էին նրա համար տնից։ Բայց մանուկ սիրտը զվարճություն է պահանջում, և գիշերը նրանք չգիտեն, թե ինչպես պետք էր անցկացնել։ Գործակատարների կլուբը դեռ նոր է բացվել. դա կարող էր ազատել նրանց քաղաքի անարգ փողոցներում թափառելուց կամ Մուշտեիդի այգիում փողեր ծախսելուց։ Կաֆե, ռեստորան. այսպիսի տեղեր չեն մտնում նրանք, որ աչքի չերևային, որ իրանց կեղծ համեստության վերաբերությամբ «խազեինի» մոտ իրանց վարկը չկոտրեին։ Պտրում են մթին և անհայտ տեղեր, ուր կարելի էր ազատ կերպով քեֆ անել։ Համարյա բոլոր փոքր ի շատե մեծ առևտրական