Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգը, թե՛ յուր թվի բազմությամբ և թե՛ յուր մտավոր և նյութական գործունեության մեջ, խիստ ստոր աստիճանի վերա է գտանվում, քան թե հպատակ ազգերը։

Հայը, եթե կարողացավ պահպանել Տաճկաստանում յուր կրոնքը, յուր ազգային գոյությունը, դորանով նա պարտական է մահմեդականության շրջափակ, խտրություն դնող և հալածասեր բնավորությանը։ Հայը, եթե վայելում է ազատություն յուր ազգային հիմնարկությունների մեջ, դորանով նա պարտական է տիրող ազգի դեռ մանուկ քաղաքական զարգացմանը։

Իսկ այդ ազատությունը ժամանակավոր է։ Նա երկար չպիտի տևե։ Իսկ հայը կարողանո՞ւմ է օգուտ քաղել նորանից։

Այդ հարցի պատասխանը կգտանե ընթերցողը իմ առաջին նամակի մեջ[1], ուր թեև համառոտ, բայց մի ընդհանուր տեսություն է արած Կ. Պոլսի մտածող ազգայինների գործունեության մասին։

Այս անգամիս հարկավոր եմ համարում քննել մի քանի մասնավոր երևույթներ։

Համարյա ամեն օր, ամեն շաբաթ շոգենավը բերում է Կ. Պոլիս Փոքր Ասիայի զանազան գավառներից մի խումբ հայազգի պանդուխտներ, որք թողելով տուն, տեղ, ընտանիք, գալիս են այս քաղաքը, որ մշակությունով, համալությունով, մի քանի ղուրուշ փող վաստակեն, տանեն յուրյանց չքավոր ընտանիքը պահեն։ Թեև խիստ սակավներին այդ թշվառներից հաջողվում է ողջությամբ յուրյանց հայրենիքը դառնալ։

Կ. Պոլսի ազգային վերնադիրը յուր ճակատին հպարտությամբ կրող լրագրությունը մինչև այսօր չքննեց բուն պատճառը այդ վնասակար գաղթականության։ Բացի մի քանի մասնավոր խոսքերից — «Ըշտե քուրդերը կթալնեն կոր»։ «Ըշտե չերքեզները ավազակություն կընեն»։ «Ըշտե ֆիլան փաշան աղեկ ղոնուշմիշ չըլլար կոր»։

Քուրդերի, չերքեզների և այլ դոցա նման ազգերի վնասակար հարաբերությունը հայերի հետ, և նոցա հաղթահարությունները ժամանակավոր մի բան են։ Դոքա չեն և չեն էլ կարող հայերի գլխավոր անբախտության պատճառ դառնալ։ Որո ընդհակառակն մեք պնդում ենք, որ այդպիսի ազգերի դրացությունը առավելապես նպաստում է հայերի բախտավոր ապագային։

  1. Տե՛ս նախորդ նամակը։ Ծանոթ․ կազմողների։