Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արժանանում է երկար տարիների դառն աշխատություններից հետո։

Դառնում եմ դեպի արհեստավորները։

Արհեստավորների դասը Թիֆլիսում դեռ պահպանել է իր կազմակերպության վաղեմի ձևերը։ Բոլոր արհեստավորները, նայելով իրանց պարապմունքի տեսակին, բաժանված են զանազան դասակարգերի, որոնք ընդհանուր անունով կոչվում են «համքյար»[1]: Օրինակ, դերձակները, կոշկակարները, հյուսները, դարբինները, ոսկերիչները և այլն, առանձին առանձին «համքյարներ» են ներկայացնում։ Յուրաքանչյուր «համքյար» ունի իր «ուստաբաշին», այսինքն` վարպետների գլխավորին, որին հարգում են, որի հեղինակությանը հնազանդում են, որի մի խոսքը վճռում է արհեստավորների մեջ պատահած վեճերը։ Յուրաքանչյուր «համքյար» ունի այլև իր առանձին դրոշը, հանդիսավոր օրերում նրանք հավաքվում են այդ դրոշի ներքո և որոշվում են մյուս «համքյարներից» իրանց գլխարկների գույներով։ Դրոշակների վրա նկարված է սովորաբար այս և այն սրբի պատկերը, որի պաշտպանությունը վայելում է «համքյարը»։

Թիֆլիսում «համքյարները» հիշյալ կազմակերպությունը պահպանել էին դեռևս 15-20 տարի առաջ։ Բայց այն օրից, երբ արհեստավորների համար հիմնվեցավ առանձին դատարան (ремесленная управа) ուստաբաշիներն իրանց նշանակությունը կորցրին, և այժմ համքյարների համարյա անունն է մնացել։

Մեր արհեստավորները միևնույն կերպով են պատրաստվում, որպես մեր վաճառականները։ Արհեստ սովորել ցանկացող տղան մանկությունից որպես աշակերտ մտնում է մի վարպետի մոտ, զանազանությունը նրա մեջն է միայն, որ վաճառականն իր աշակերտի համար ժամանակ չէ որոշում, իսկ արհեստավորն ընդունում է աշակերտին մի քանի տարվա պայմանով։ Վարպետը միշտ աչքի առջև է ունենում մի հաշիվ. եթե աշակերտը, օրինակ, 3 տարվա մեջ կսովորի արհեստը, նա 7 տարվա պայմանով է ընդունում աշակերտին, որ սովորելուց հետո մի 4 տարի էլ իրան ձրի ծառայե որպես վարձատրություն։ Արհեստավորներն իրանց աշակերտների հետ ավելի վատ են վարվում, քան թե վաճառականները։ Եթե վաճառականը երկաթե արշինով է ծեծում, արհեստավորները ծեծում

  1. 1 Համքյար պարսկական բառ է, նշանակում է համարվեստ կամ միևնույն գործով աշխատողներ։