Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ուրագով, ահագին մկրատով, մուրճով և այլն։ Աշակերտի մտավոր զարգացումը մնում է խիստ սահմանափակ, միօրինակ մեքենական աշխատությունը զորացնում է մկնակները միայն, իսկ ուղեղով նա բթանում է, հիմարանում է և վերջապես ապուշ է դառնում։ Հազիվ կարելի է գտնել արհեստավորների աշակերտների մեջ այնպիսիներին, որ գրել կարդալ գիտենային։ Նրանք չեն սովորում կարդալ, որպես սովորում է վաճառականի աշակերտը, որովհետև մեր արհեստավորները դեռևս շատ պետք չեն զգում գրելու մեջ։ Նրանք շատ բաղադրյալ առևտուր չունեն և հաշիվները պահում են իրանց գլխում։ Այն արհեստավորները, որ եվրոպական ձևեր են ընդունել, պետք է բացառություն համարել։ Նրանց խանութներում հաշիվներ պահվում են։

Աշակերտը արհեստը փոքր ի շատե սովորելուց հետո դառնում է «քյարգյար» (подмастер)։ Եթե նա պայմանը լրացնելով ցանկանում է շարունակել վարպետի մոտ իր աշխատությունը, ռոճիկ է ստանում։ Բայց ըստ մեծի մասին թողնում են վարպետի խանութը և իրանց համար առանձին արհեստանոց են բաց անում։ Հին ժամանակներում, այսինքն երբ «համքյարները» դեռ պահպանել էին իրանց օրենքները, ավանդությունները և սովորություններն, ամեն մի աշակերտ արհեստը սովորելուց հետո, առանց ձեռնադրության, իրավունք չուներ առանձին արհեստանոց բաց անել և իր համար գործ սկսել։ Նա պետք է առաջ օրհնվեր և արհեստավորների կարգի մեջ մտներ։ Այս ծեսը կատարվում էր սովորաբար հետևյալ կերպով։ Նորընծա արհեստավորը ճաշ էր պատրաստում և հրավիրում էր «համքյարի» նշանավոր վարպետներին. այնտեղ գտնվում էր և «համքյարի» գլխավորը — «ուստաբաշին»։ Ճաշելուց հետո նորավարտ արհեստավորը ներկայացնում էր վարպետների ժողովին իր մի ձեռագործը. երբ նա հավանություն էր գտնում, և երբ վարպետները վկայություն էին տալիս նրա հմտության մասին, այնուհետև վարպետների գլխավորը կատարում էր օրհնության կարգը։ Եթե օրինակ, արհեստավորը պետք է դարբին լիներ, վարպետների գլխավորը վեր էր առնում մի մուրճ, օրհնում էր և տալիս էր նրա ձեռքը։ Եվ նրանից մի քանի խոստումներ առնելով, որ չխաբե, սուտ չխոսի, որ հավատարիմ մնա «համքյարի» դրոշին և այլն, հետո նա կարդում էր արհեստավորի գլխին մի քանի ինքնաձև օրհնություններ և երեսին զարկում էր մի ապտակ։ Դրանով օրհնությունը վերջանում էր և երիտասարդ արհեստավորը «ուստա» էր դառնում, և իրավունք էր ստանում այնուհետև «համքյարի»