Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ազատ են հարկից, որովհետև, նայելով այն ծառայությանը, որ նրանք կատարում են հրդեհների ժամանակ` առանց որևիցե վարձատրության, քաղաքը նրանցից հարկ չէ պահանջում։ Հենց որ մի տեղ հրդեհ է հայտնվում, քաղաքի ամեն ծայրերից թուլուղչիները թափվում են իսկույն։ Զարմանալի է տեսնել, թե որպիսի անձնազոհությամբ այդ քաջերը նետվում են կրակի մեջ. ոչինչ նրանց չէ վախեցնում, ոչինչ նրանց չէ վհատեցնում։

Թուլուղչիները Պարսկաստանի Սալմաստ գավառից եկած կաթոլիկ և լուսավորչական հայեր են, նրանց մեջ գտնվում են և ասորիներ։ Բոլոր մշակների մեջ դրանք են, որ պահպանում են մի կազմակերպված միություն, և այդ միությանն են պարտական, որ ունեն համեմատաբար ավելի լավ վիճակ։ Կուկիայի Չուխուրեթ կոչված թաղում կարելի է տեսնել թուլուղչիների հյուրանոց, ուր նրանք ընթրիք են ուտում, խմում են և ծխում են պարսկական ղեյլան։ Բացի թուլուղչիներից մնացած բոլոր մշակները մի տեղ չունեն հավաքվելու համար։ Եթե, ինչպես վերևում նկատեցի, Թիֆլիսում չկան այնպիսի հյուրանոցներ, ուր արհեստավորները կարողանային էժան ճաշ ուտել, չէ կարելի երևակայել անգամ, որ այս տեսակ հիմնարկություններից օգուտ քաղեին մշակները։ Այդ ողորմելիները կերակրվում են միայն ցամաք հացով, հրապարակի վրա գնում են մի հատ վրացու «պուրի» և այնպես կրծելով, ծանր շալակի տակ, շարունակում են իրանց գործը։ Մշակը, որ գլուխը դնելու մի անկյուն չունի, ինչպե՞ս կարող է իր համար առանձին խոհանոց սարքել։ Կիրակի օրերը միայն մի քանիսն ընկերանում են միասին, առնում են մի կտոր միս, և տալիս են փուրունչիին եփելու համար։ Այդ աշխատող դասը, որ ավելի ուտելու պետք ունի, բոլորովին զուրկ է մնում զորացնող սննդից։ Որևիցե զվարճությունից նույնպես զուրկ են մնում նրանք. երբեմն տոն օրերում մտնում են մի գինետուն և խմում են մի քանի բաժակ արաղ, ալքոհոլը միայն կարողանում է գրգռել մշակի բթացած և անզգայացած ջղերը։

Մի քանի խոսք մշակների մտավոր կյանքի մասին։ Մեր մեջ կան ազգասերներ, որոնք երազում են Մուշի, Վանի և Զեյթունի վրա, բայց այստեղ, Թիֆլիսում, մշեցի և վանեցի հայի զավակներն իրանց աչքի առջև չեն տեսնում։ Մեզանից դեռևս ոչ ոք չմտածեց հիմնել մշակների համար կիրակնօրյա դասախոսություններ և ծանոթացնել նրանց տնտեսական որևիցե հարցի հետ։ Ախր այդ