Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թշվառներն առանց պատճառի չէ որ թողել են իրանց հայրենիքն և այստեղ պանդխտության մեջ տարիներով մաշվում են։ Պետք չէ՞ արդյոք քննել այն պատճառները, որ դուրս են քշում նրանց իրանց հայրենիքից, և ցույց տալ ապրուստի ուղիղ ճանապարհը։ Մշակների մեջ կան մեծ թվով գրագետներ. այսպիսիներն ուրիշ երկրում օգուտ են քաղում կոպեկանոց լրագրներից, բայց այստեղ կարդալու ոչինչ չեն գտնում։ Թողնենք մտավոր սնունդը։ Թիֆլիսի հայ մշակները զուրկ են մնում և բարոյական և հոգևոր մխիթարությունից։ Ոչ մի հայ քահանա չէ բաց անում մշակի խղճուկ օթևանի դուռը, որովհետև նրանից շահվելու ոչինչ չէ սպասում, բայց ինձ հայտնի են փաստեր, որ Պարսկաստանից այստեղ եղած փոքրաթիվ բողոքական մշակների համար` Ուրմիո ամերիկական առաքելության միսիոնարներն իրանց ծախսով ուղարկել են Թիֆլիս մի քարոզիչ քահանա, որ միշտ այստեղ է մնում, և թե հոգևորապես, թե բարոյապես մխիթարում է նրանց։ Ամեն կիրակի հավաքում է նա իր փոքրիկ հոտը գերմանական կոլոնիայում մի հատկացրած տեղ, և քարոզ է կարդում։ Այդ բավական չէ, քահանան իսկույն վազում է բժշկի մոտ, երբ մեկը հիվանդ էր, և խնամք է տանում նրա առողջության մասին, եթե աղքատ էր։ Բայց մեր հայ մշակները հիվանդանում են և անտերությունից, ճանճերի նման ամեն տարի հարյուրներով մեռնում են, ոչ ոք նրանց վրա չէ մտածում։ Այդ ողորմելիները մինչև անգամ չգիտեն, որ Թիֆլիսում կա այնպիսի տեղ, ուր բժիշկները ձրի են նայում հիվանդին (лечебница) և կա այնպիսի տեղ ևս, ուր հոգ են տանում աղքատներին ձրի կերակրելու և առողջացնելու համար (больница)։

Կա մի ուրիշ կետ ևս, որ ոչ սակավ ուշադրության արժան է։ Թիֆլիսում կարելի է հաշվել միջին թվով մինչև 5000 հայ մշակներ, որոնք օտար երկրներից են եկած[1]։ Դրանք երբեմն մինչև տասն տարի շարունակ մնում են այստեղ, անդադար աշխատում են, փող են վաստակում, բայց չգիտեն, թե որտեղ պահեն իրանց դառն քրտինքի գինը։ Մշակի գանձարանը կաշիից իր ձեռքով կարած

  1. 1 Ինձ Ջուլֆայի կարանտինայում ասեցին, թե ամեն տարի մոտ 20 հազար մշակներ անցնում են Պարսկաստանից դեպի Կովկասի զանազան գավառները. այս հաշվով որքան հոգի անց կկենան Արաքսի վրա դրվաձ ոուսաց մյուս կարանտինների անցքերից, որպես են Ջաբրայելի, Շահթախտի, Իգդիրի և մյուս անցքերը: Հետաքրքիր կլիներ թվանշաններ հավաքել այս տեղերից, և այն ժամանակ կբացատրվեր Պարսկաստանից և Տաճկաստանից ոուսաց հողի վրա անցնող մշակների ճիշտ թիվը: