Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոքրիկ պայուսակն է, որ միշտ կարելի է տեսնել նրա կողքից քաշ ընկած։ Բայց քիչ չէ պատահում, որ քնած ժամանակ նրա պայուսակը կտրում են, և մշակը զրկվում է իր գանձից, իր մի քանի տարվա դառն աշխատանքից։ Ոմանք ծանոթանում են մի քաղաքացու հետ և փողերը նրան պահ են տալիս, առանց վեքսիլի և առանց թղթի. և խղճմտանքով քաղաքացին շատ անգամ կամ ուրանում է «կռոյի» հանձնած փողերը, և կամ վայրիվերո հաշիվներ է ցույց տալիս։ Վերջապես այդ ողորմելիները չգիտեն, թե իրանց վաստակած փողերն ինչ միջոցով կարող են ապահով կերպով հասցնել իրանց հայրենիքը, իրանց կարոտ ընտանիքներին։ Ըստ մեծի մասին այսպես են անում. մի քանի տարվա վաստակածը հավաքում են մի տեղ, փոխում են ռուսաց ոսկու հետ, և 40-50 հոգի միասին խմբվելով, դիմում են դեպի իրանց հայրենիքը։ Տաճկաց և պարսից սահմանների վրա միշտ պատրաստ են ավազակների հրոսակներ մշակների քարավանը կողոպտելու համար։ Այս տարի մի քանի անգամ կարդացինք լրագրների մեջ Ռուսաստանից Մուշ վերադարձող մշակների կողոպտվելը քրդերից։ Ուրեմն Թիֆլիսի մշակները ոչ իրանց վաստակած փողը պահելու տեղ ունեն և ոչ հայրենիքը հասցնելու ապահով միջոցներ։ Մի փոխատու խնայողական կասսա (ссудо-сберегательная касса) կարող էր ազատել նրանց վերոհիշյալ անբախտություններից, բայց այդ մասին մինչև այսօր ոչ ոք չմտածեց։ Եթե հայ մշակների թիվը հաշվում ենք Թիֆլիսում 5000 հոգի, մի այսքան էլ, և գուցե ավելի, թուրքեր, ասորիներ և ուրիշ ազգերից կլինեն. և այս պատճառով հիշյալ հիմնարկությունը փողերի սակավ շրջաբերություն չէր ունենա, եթե կազմված ևս լիներ միմիայն մշակների համար։ Այլևս չեմ խոսում օգտավետության մասին, թե մի այսպիսի հիմնարկություն որքան կարող էր նպաստել մշակների շահերին։ Որովհետև փողը միշտ մշակի մոտ պահվելով, ոչ միայն կորցնում էր իր տոկոսը, այլ նա կարող է միանգամով կորչել, կամ շռայլաբար ծախսվել։ Քիչ չէ պատահում, որ մշակը հանկարծ մոլության մեջ է ընկնում, և մի քանի օրվա մեջ ոչնչացնում է իր մի քանի տարվա վաստակածը։

Չէ կարելի չավելացնել մի քանի խոսք մշակների հավատարմության մասին։ Կ. Պոլսի հայ համալների ազնիվ հատկությունները մինչև անգամ գրավեցին եվրոպական մամուլի ուշադրությունը։ Մեր մշակները ևս պակաս չեն նրանցից իրանց բարոյական կողմերով։ Հայաստանի այդ չփչացած զավակները սաստիկ