Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր խոսքը ապացուցանելու համար օրինակ առնեմք Վասպուրականի և Տարոնա նահանգները: Քուրդերին մեք գտանում եմք այդ երկրներում մի թափառաշրջիկ, աստանդական ազգ, առանց հիմնավոր բնակության, որ յուր ապրուստը գտանում էր միայն խաշնարածության մեջ: Այդպիսի ազգերը շատ բնական է, որ օտարանում են հողից և նորա մշակությունից: Այդ իսկ պատճառավ, երբ տերությունը առաջարկեց տեղային բնակիչներին հողերը թափիա[1] անել, գլխավորապես հայերին մնաց երկրի ընդարձակ դաշտերը, իսկ քուրդերը չկարողացան այնտեղ հիմք ձգել:

Վասպուրականի հանգուցյալ Արծիվը «ազգ... հայրենիք... Հայաստան»... գոռալով կամենում էր Հայկի և Արամի անցյալ հիշատակներով միայն կերակրել սոված ժողովուրդը, չմտածելով, որ մարդը յուր կյանքի գոյությունը պահպանելու համար կարոտ է նյութական սնունդի և ոչ երևակայական քամիների: Այժմյան լրագրությունը միակ ճարը գտանում է դպրոցների, ուսման և կրթության մեջ, չմտածելով, որ լոկ այդ բեմը քաղցած փորին կերակուր չի տալ:

Կ. Պոլսի մտածողները չկարողացան մինչև այսօր իրենց ուշադրությունը դարձնել այն առարկայի վերա, թե մի ազգի յուր գոյությունը պահպանելու գլխավոր պայմաններից մինը է հողը և նորա մշակությունը: Թե մի ազգ, որ յուր կյանքի պահպանությունը չէ հիմնած հողի արդյունաբերության վերա, նա ոչ միայն երկար ապրել կարող չէ, այլև չէ կարող ազգ համարվել:

Գաղթականության հոսանքը դեպի մեծ քաղաքները, որ ամեն տարի հազարավորներին խլում է հայրենի հողի արմատից, պատրաստում է հայերից ժողովրդի մի դաս, բոլորովին անպիտանացած ազգայնության մարմնի մեջ: Մի ազգի գլխավոր հիմքը է հողը, իսկ նորա գլխավոր ուժը գտանվում է երկրագործ և արդյունաբերող դասի մեջ: Սպառող դասը մի անհրաժեշտ մեքենա է այդ կազմակերպության մեջ:

  1. Թափիա: Տերությունը, թե այդ և թե՛ Փոքր Ասիայի զանազան գավառներում, սեփականացնելով յուրյան զանազան բռնակալների տիրած հողերը, խիստ էժան գնով վաճառեց երկրի բնակիչների վերա: Դա կոչվում է թափիա: Թափիա արած հողը համարվում է սեփականություն, տերը կարող է վաճառել, գրավ դնել և վարվել նորա հետ, որպես յուր կամքն է։ Միայն նորա մահից հետո ժառանգը պիտի հայտնե, թե ինքը կամեր մշակել հոր թողած հողերը: