Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վախենում են մեղքից, որքան սարսափում են աստուծո պատժից։ Պանդխտության մեջ անգամ, օտար հասարակության մոլորեցնող ազդեցության ներքո, նրանք պահպանում են իրանց բնավորության մաքրությունը։ Թիֆլիսի վաճառականը մեծ վստահությամբ հանձնում է մշակին իր խանութի և ամբարների բանալիքները, ամենևին չկասկածելով նրա հավատարմության մասին։ Ինձ հայտնի են մի քանի փաստեր, որ մշակների ձեռքը որևէ դեպքով ընկել էին գումարներ և ապրանքների հակեր, որոնց հեշտությամբ կարող էին թաքցնել և իրանց սեպհականացնել, բայց նրանք չեն կամեցել օգուտ քաղել դեպքից, և պահելով իրանց մոտ ուրիշի սեպհականությունը, կրկին հանձնել են տիրոջը։

Ես վերջացրի իմ հետազոտությունը։ Այժմ ընթերցողին եմ թողնում եզրակացնել, թե որպիսի ապագա է խոստանում հայ երիտասարդությունը։

Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱ ՄԵՐ ԵՎ ՏԱՃԿԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԵՋ
ՀԱՅԵՐԻ ՄԵՋ
Ա

Մինչև վերջին ռուս-թուրքական պատերազմը, եթե պատահում էր մեր կողմերում մի տաճկաստանցի հայ ֆեսը գլխին, իսկույն «հոսհոս» անունը կպցնում էինք ճակատին և երեսներս շուռ տալիս։ Մեր կողմերում մշեցի և վանեցի հայ մշակներին մեր երեխաներն անգամ «կռո» էին կոչում, և շատերը մեզանից հավատացած էին, թե «կռոն» հայ չէ, այլ քրդերի մի որևէ ցեղին է պատկանում։

Տաճկաստանցին նույն սխալ և մութը կարծիքներ ուներ մեր մասին։ Եթե մեզանից մեկը հանդիպում էր Կ. Պոլսի կամ այլ քաղաքների փողոցներում, տաճկաստանցին մի կասկածավոր հայացք էր գցում մեր երեսին, և «անոնցմե է»... ասելով, ցույց էր տալիս իր ընկերին։ Մեզ համարում էին հայությունից օտարացած, մենք միմյանց չէինք ճանաչում, նրանք ատելի էին մեզ, իսկ մենք — նրանց։

Մեր մեջ բոլոր հարաբերությունները կտրված էին։ Վաճառականությունը չէր մոտեցնում մեզ, վաճառականությունը, որ կարող