Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինտրիգաներով, բայց Բոսֆորի մյուս կողմը, Փոքր Ասիայում նա ոչինչ չէր տեսնում — Հայաստանի հայ բնակչի վիճակը և նրանց հարաբերություններն իրանց օտարազգի դրացիների հետ չէին հետաքրքրում Կ. Պոլսի լրագրությանը, շատ-շատ նա կտպեր մի գավառական սկանդալ և ավելի ոչինչ։

Կ. Պոլսի լրագրությունը չէր ուսումնասիրում մինչև անգամ իր ոտքի տակի հողը — Կ. Պոլիսը։ Մենք ամենևին չգիտենք, թե մոտ երեք հարյուր հազար հայ բնակիչներ Թուրքիայի մայրաքաղաքում ի՞նչ գործով են զբաղված. մի քանի հատ ու կտոր, ծուռ ու սխալ տեղեկություններ հասել են մեզ նրանց մասին օտարազգի լրագրությունից, իսկ բուն Կ. Պոլսի լրագրությունը նրանց մասին միշտ լուռ է եղել։

Բայց Կ. Պոլսում հրատարակվել է միշտ, 10-ից սկսյալ մինչև 15 կամ ավելի, զանազան տեսակ պարբերական թերթեր, և չնայելով նրանց բովանդակության աղքատությանը, լրագրության փոխանակություն ևս չէ եղել մեր և նրանց մեջ։ Ուրեմն լրագրությունը ևս չէր կարող մեզ կատարելապես ծանոթացնել միմյանց հետ։ Մեզ մոտեցնելու և միմյանց հետ ծանոթացնելու կարևորությունը զգալով «Մշակը», սկսյալ իր հրատարակության օրից, և մանավանդ վերջին տարիներում սկսեց խիստ հաճախ խոսել տաճկաստանցոց վրա, և ես համոզված եմ, որ պոլսեցիք կարդալով «Մշակը», ավելի ճիշտ տեղեկություններ կարող էին քաղել Փոքր Ասիայի հայոց դրության մասին, քան թե իրանց բոլոր լրագրությունն ամբողջությամբ վեր առած։

Եվ այսպես, Տաճկաստանի հայոց դրությունը մեզ այնքան էր հայտնի, որքան Միջին Ափրիկայի վայրենիների դրությունը, և նույնիսկ պոլսեցիք մեզանից ավելի չգիտեին նրանց մասին։ Այս կարծիքը ուղիղ է, և որի ապացույցն է այն, որ հայոց պատգամավորներից մեկը արդեն գտնվում էր Լոնդոնում, իսկ մյուսը Ս. Պետերբուրգում, երբ Կ. Պոլսում դեռ նոր մտածեցին, թե Հայաստանի մասին պետք է ճիշտ և մանրամասն տեղեկություններ ունենալ, և դեռ նոր վարդապետներ վազեցրին դեպի Հայաստան, որ գնան, տեսնեն, թե որտե՞ղ են բնակվում հայերը, ո՞րքան է նրանց թիվը և ի՞նչ հարաբերության մեջ են օտարների հետ։ Այն ժամանակ միայն մտածեցին Հայաստանի համար քարտեզ պատրաստել։ Բայց Կ. Պոլսում պատրիարքարան կար, ազգային ժողով կար, այնտեղ էր հայոց ինտելիգենցիան — այս բոլորը պետք է գիտենային և պատրաստեին առաջուց, շատ և շատ առաջուց, և որի