Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ գլխավոր գործիչ պետք է լիներ լրագրությունը, և առհասարակ գրականությունը։

Ուրիշ օրինակ անհարմար կլիներ բերել, քան թե այն, որ Բեռլինի ավագաժողովի ժամանակ Կ. Պոլսի հայոց դրությունը նմանում էր մի վաճառականի, որ կամենում է սկսել մի մեծ առևտրական սպեկուլյացիա, առանց նախապես գիտենալու իր դրամական վիճակը. նա հասկանում է, որ կասսան դարտակ է, այն ժամանակ միայն, երբ գործը արդեն սկսել էր։ Այսպիսի հանգամանքում անհաջողությունն ինքնըստինքյան հասկանալի է։

Բայց անհաջողությունը, մանավանդ մի մեծ հեղաշրջումից հետո ժողովուրդների կյանքում, ինչպես և պարտությունը ձախորդ պատերազմից հետո, ունեն իրանց օգուտները, այն կողմից, որ նույն ժողովուրդներին հասկացնել են տալիս իրանց թերությունները, սխալները և առհասարակ նրանց անընդունակությունները, որոնք պատճառ եղան անհաջողության։ Եվ այդ գիտակցությունը բավական էր ապագայում նրանց առաջնորդելու համար դեպի ուղիղ և հաստատ ճանապարհը, որ հասցնում է նպատակին։ Եթե կա Տաճկաստանի հայոց անհաջող ձեռնարկության մեջ մի օգտավետ կետ — այդ է։ Իսկ արդյոք կարո՞ղ են տաճկաստանցիք օգուտ քաղել դրանից, — ահա՛ մի հարց, որ պետք է պարզել։

Այդ հարցը այնքան բաղադրյալ է, որ դժվար է մի անգամով բացատրել. մենք կհետազոտենք նրա գլխավոր գծերը միայն։ Արդարև, ամեն մի անհաջող ձեռնարկություն ժողովուրդների կյանքի մեջ ունի իր օգուտները, որ նրանց զգալ էր տալիս իրանց թերությունները և նախապատրաստում է մի նոր ապագայի համար, և դրանից է առաջ գալիս այն գիտակցությունը, որ կոչվում է ինքնաքննություն։ Բայց դժվար կարելի է գտնել ամբողջ մարդկության մեջ մի ժողովուրդ, որ ինքն իրան ճանաչեր — նրան ճանաչում են և քննում են նույն ժողովրդի առաջավոր մարդիկը, զարգացած մասը, որպես բժիշկը հիվանդներին։ Եվ այս վերջինները հաղորդում են ժողովրդին նրա թերությունները, նրա պետքերը, և միևնույն ժամանակ հնարները նույն պետքերին բավականություն տալու։ Դրանք կոչվում են զանազան անուններով` ժողովրդական գործիչներ, առաջնորդող մարդիկ — գրավոր և բերանացի խոսքը նրանց գլխավոր զենքն է — նրանք ներկայացնում են ժողովրդի մտավոր զորությունը, — նրա ինտելիգենցիան։

Բայց մենք տեսանք մեր հոդվածի սկզբում Թուրքիայի հայի թշվառ ինտելիգենցիան, նա կարո՞ղ է արդյոք առաջնորդող լինել,