Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազդել, դրդել և բարձրացնել ամբոխը իր ընկած դրությունից, քանի որ ինքը ինտելիգենցիան ուղղվելու կարոտ է։

Պետք է ի նկատի ունենալ և տեղի դրությունը։ Կ. Պոլիսը, որպես պաշտոնական կայարան, հասկանալի է, այնտեղ է Բ. Դուռը, այնտեղ հայոց պատրիարքը միշտ կարող է հարաբերություն ունենալ վեզիրների և եվրոպական պետությունների ներկայացուցիչների հետ։ Բայց Կ. Պոլիսը, որպես ներգործող կենտրոն Հայաստանի վերաբերությամբ, անհարմար է։ Կ. Պոլիսը, թեև կրում է իր մեջ Տաճկաստանի հայոց առաջավոր մարդիկը, բայց իր առանձնացած դիրքով, հազիվ թե կարող էր ազդել հեռավոր Հայաստանի վրա։ Կ. Պոլսի և Տաճկական Հայաստանի մեջ ծովեր կան, Անատոլիայի ցամաքը կա, այլևս չենք հիշում ճանապարհների վատ հաղորդակցությունը։ Այստեղից հասկանալի է ազդեցության թուլությունը, որ պոլսեցիք կարողանում են անել բուն հայաստանցոց վրա։ Ուրեմն չէ կարելի ամեն ինչ հուսալ պոլսեցիներից կամ ամեն ինչ նրանցից միայն սպասել։

Տաճկական Հայաստանի հայերին, ավելի քան պոլսեցիքը, կարող ենք օգնել մենք` Ռուսաստանի հայերս, որովհետև նրանց հետ մոտ դրացության հարաբերություն ունենք։ Թողյալ այդ, Ռուսաստանի հայը համեմատաբար ավելի բարձր է, քան թե պոլսեցին, թե իր մտավոր և թե նյութական կարողությամբ։ Ինչո՞ւ մենք բոլոր հոգսը պոլսեցիների վրա ենք ձգում. մենք նրանց հետ պետք է բաժանենք բռնության լծի տակ ճնշված մեր եղբայրների ցավերը։

Տաճկաստանի հայերի վերականգնումը միշտ կարծիքական պետք է համարել, երբ հույս կդրվի միմիայն Կ. Պոլսի վրա։ Պետք է ամեն տեղից, ուր որ կան հայեր, օգնության ձեռք մեկնեն նրանց, և այդ պարտավորությունն առավելապես հասնում է մեզ` ռուսաստանցիներիս։ Մեր բարեսիրտ կառավարությունը մեզ չէ արգելում օգնել նրանց. նա կցանկանա, որ մենք պատրաստեինք Փոքր Ասիայում մի ժողովուրդ, որպես վահան անգլիական ազդեցության դեմ. նա կցանկանա, որ մի քրիստոնյա ժողովուրդ ազատված լինի Թուրքիայի բռնությունից, որոնց համար թափեց իր զինվորների այնքան շատ արյունը։

Ի՞նչ կարող ենք անել, գուցե կհարցնե ընթերցողը։ — Շա՛տ բան, միայն թե մտածեինք օգնել։

Բայց նախ քան օգնելը, պետք է գիտենալ, թե ինչ բանի կարոտ են նրանք. իսկ այդ գիտենալու համար պետք է նրանց հետ որևիցե