Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձնավորությունները տեղի կտան ուրիշներին։ Իսկ մեր եկեղեցական բարձր կառավարության հիմնական գաղափարը դարձյալ կմնա այն, ինչ որ եղել է միշտ, այսինքն, թե ս. Էջմիածինը, որպես գլուխ, կունենա սերտ և անմիջական կապ իր բոլոր մասների հետ — ընդհանուր հայոց հոգ. ներկայացուցիչների հետ, որտեղ և ինչ պետության մեջ լինեին նրանք։

Ես հարկավոր չեմ համարում այժմ մեր կեղտոտ լվացքը դուրս թափել և ուրիշների աչքի առջև լվանալ. դեռևս պետք է լռել... խոսելու ժամանակ շատ կա....

Խոսելով ազգային միության վրա, չէ կարելի չհիշել մեր այն եղբայրներին, որ կրոնական հերձվածներով բաժանվել են մեզանից. մեր խոսքը հայ-բողոքականների և հայ-կաթոլիկների մասին է։ Լրագրությունն այժմ զբաղված է այդ հարցով։ Բայց մենք երբեք մեզ թույլ չէինք տալ հակառակ լինել խղճի ազատության, եթե կրոնական հերձվածները Թուրքիայի հայերի մեջ չվնասեին ազգային միության և չբաժանեին նրա ամբողջությունը։ Բայց երբ տեսնում ենք բողոքականությունը հայերի մեջ դառնում է զանազան քաղաքական նպատակների գործիք անգլիացիների ձեռքում, որ չունի ոչինչ կապ քրիստոնեության և կրոնի հետ, երբ տեսնում ենք, որ պապականությունը մոլեռանդ կղերի ձեռքում դառնում է գործիք ուլտրամոնտանիզմի, որ մի ամբողջ ժողովուրդ շինում է պապի և նրա արբանյակների ստրուկ, — այդպիսի դեպքերում չէ կարելի անտարբեր մնալ։ Կաթոլիկությունը, որպես աստվածաբանական սխոլաստիկա, միշտ եղել է հակառակ կրթության և ժողովրդի ազատ ոգու զարգացման, իսկ բողոքականությունը, որպես նոր աղանդ, որպես նոր խմոր, ավելի թունդ է իր ֆանատիզմով։ Ով որ տեսել է բողոքականին Եվրոպայում, գուցե կծիծաղի մեր դատողության վրա, բայց Ասիայում նույնը չէ բողոքականը, այստեղ նա բաժանվելով իր մայրենի եկեղեցուց, դառնում է բոլորովին ուրիշ մարդ. նրա բոլոր կապերը կտրվում են իր ազգի հետ, և նայում է իր ազգայինների վրա այնպես, որպես մի ժամանակ հրեաները նայում էին սամարացիների վրա։ Կաթոլիկների մասին ավելորդ է խոսել անգամ, նրանք ավելի վատ են։ Մեկն իրան ինգիլիզ է կոչում, մյուսը ֆրանգ։ Եթե սրանք այսպես են, լուսավորչականները նույնպես հետ չեն մնում իրանց աններողամտությամբ դեպի իրանց անջատված եղբայրները, և ավելի նրանց առիթ են տալիս հեռանալու։