Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ գաղթականությունը շարունակվում է։ Ժողովուրդը օրըստօրե հեռանում է Հայաստանի կենտրոնից։ Նորա ուժերը ցրվում են և հայրենյաց դաշտերը մնում են ամայի, դատարկացած։

Ինչո՞վ կարելի է այդ հոսանքի պատճառը բացատրել։

Երկու բանից մինը պետք է լինի, կամ հայերը ընդունակ չեն երկրագործության մեջ, կամ եթե ընդունակ են, նոցա մշակության արդյունաբերությունը այնքան օգուտ չէ բերում, որ կարողանային ապահովել յուրյանը ապրուստը։

Վերջին պատճառը ավելի հավանական է։ Շարունակ սովորական, և միատեսակ ընդեղենների վարուցանքը, մշակության նահապետական ձևերը, երկրի չափազանց էժանությունը, եթե ավելացնենք դոցա վերա տերության, ինքնըստինքյան թեթև, բայց արդյունաբերության համեմատ ծանր հարկերը,— մեք կտեսնեմք, որ երկրագործին ավելի ոչինչ չէ մնում յուր ապրուստը ապահովելու։

Գյուղատնտեսական ուսումնարանը, որ միակ ճարն է այդպիսի դեպքերի առաջն առնելու, դեռևս չէ հետաքրքրում Կ. Պոլսի լրագրության ուշադրությունը։

— Երկրի հում բերքը արվեստագործելու համար արվեստագիտական ուսումնարանների մասին նա մտածել անգամ չէ ուզում։

— Երկրի մթերքը վաճառահանելու համար, Տրապիզոնից Արզերում, այնտեղից Վան, Վանից Մուշ, մինչև Մուսուլ և Բաղդադ երկաթուղի շինելու հարցը բարձրացնել չէ ուզում, որովհետև կենտրոնական Ասիո խնդիրը նորան շատ է զբաղեցրել...։

— Մշեցի, բաղեշցի կամ վանեցի հային մի վաշխառու քրդից, կամ տաճկից, հարյուր ղուրուշ փոխ առնել և շուտով մի քանի հարյուր պարտական մնալ, այնուհետև յուր կինը, ընտանիքը գրավ թողնել, Պոլսի սոխախներում տարիներով փտել և մաշվել,—այդ երևույթները նորան չեն գրավում, որ գյուղական փոխատու ընկերությունների վերա մտածե։ Որովհետև նա շատ պարապված է նորանով, որ գիտենա դեռևս ինչ երազներ է տեսնում Բիսմարկը յուր անկողնի մեջ։

Ահա բոլոր դատարկությունը Պոլսի լրագրության, որ մեք մեր առաջին նամակում, մնացորդը խոստանում եմ գրել հետո։