Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայերի մեջ միության միակ հնարն այժմ այն է, որ ոչ թե հայրենի եկեղեցուց բաժանված եղբայրներին կրկին դարձնել դեպի լուսավորչի փարախը, այլ աշխատել նրանց մեջ տարածելու ազգայնության գաղափարը, թե մի ազգի անդամները կարող էին այս և այն եկեղեցուն պատկանել, բայց դարձյալ մի ազգային ամբողջական մարմին կազմել, և ցրված ուժերը մի տեղ հավաքելով, միասին գործել բռնության և հարստահարության դեմ, և միասին թոթափել այն անտանելի լուծը, որ ամենի վրա միևնույն չափով ծանրացած է:

Ոմանք ասում են այդ անհնարին է: Ասիայում, հայերի մեջ եկեղեցին միայն կարող է լինել միավորիչ հոդ. ազգայնության գաղափարը Եվրոպայում միայն ունի իր ազդեցությունը, այնտեղ ամեն անհատ կարող է մինչև անգամ անհավատ լինել, բայց մի ազգի պատկանել և այլն: Խիստ կարճամիտ դատողություններ են: Ինչ որ հնարավոր է Եվրոպայի համար, այն և հնարավոր է երկրագնդի ամեն մի ժողովրդի համար, զանազանությունը նրա մեջն է միայն, թե եվրոպացին ի՜նչ ճանապարհով հասավ այն կետին, դու էլ նույն ընթացքը բռնիր, քաղաքակրթությունը քեզ չի զլանա այն բարիքը, ինչ որ բոլոր մարդկության սեփականություն է: Միթե Եվրոպայի մեջ միևնույնը չէ՞ր մի քանի դար առաջ, ինչ որ այսօր հայերի մեջն ենք տեսնում, մի՞թե եվրոպացիք նույնպես չէին շփոթում ազգությունը եկեղեցու հետ, իսկ այժմ ի՞նչպես հասկացան, թե ազգությունը և կրոնը որոշ գաղափարներ են:

Իմաստակությունը մեր մեջ թթված ազգասիրության հետ ձեռք ձեռքի տված է գնում: Հայ կաթոլիկը և հայ բողոքականն անցյալ չունեն, — ասում են ոմանք, — լուսավորչական հայերը միայն անցյալ ունեն, որովհետև պատմությունը նրանց է պատկանում: Դրանից ստոր երեխայական մտածություններ լինել չեն կարող: Եթե մեր անցյալը բովանդակվում է միայն մեր եկեղեցու մեջ, ուրեմն էլ ինչո՞ւ ենք պարծենում Տրդատից և Լուսավորչից առաջ եղող մեր հեթանոս Հայկով, Արամով, Տիգրաններով և այլն: Ուրեմն մենք մեր պատմությունը պետք է սկսենք այն օրից, երբ լուսավորչական եկեղեցին հիմնվեցավ, և նրանից առաջ եղող մեր նախնիքներին հայ չհամարենք, որովհետև կռապաշտներ էին և այդ եկեղեցուն չէին պատկանում: Բայց մենք մի այսպիսի խտրություն չենք դնում պատմության մեջ: Այլևս ի՞նչ իրավունքով կարող ենք ասել կաթոլիկ և բողոքական հային, թե դուք անցյալ չունեք, երբ նրանք էլ միևնույն ցեղի շարունակությունն են, երբ Հայկը, Արամը, Տիգրանը,