Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրոնական երկպառակություններին ուժ տալը և նրանց միջոցով զանազան ցեղերի մեջ անմիաբանություն և անհաշտություն պահպանելը դա մի ժառանգական քաղաքագիտություն է, որ սեփականել է իրան մոնղոլական Թուրքիան Բյուզանդիայի գահի հետ։ Միայն հայերի վերաբերությամբ չէ վարվում նա այդպես. նույն երևույթները կրկնվում են նեստորական և նեստորականությունից բաժանված ասորիների մեջ, քիլդանիների մեջ, մարոնիտների մեջ, հակուբիների մեջ, ղպտիների մեջ, և առհասարակ բոլոր քրիստոնյա ցեղերի մեջ։ Ո՞վ չգիտե, թե ամեն տարի, սուրբ Հարության տոնի օրը Երուսաղեմում, սուրբ Հակոբա տաճարի մեջ ի՛նչ խայտառակ խռովություններ են պատահում հայոց, լատինական և հույն աբեղաների մեջ։ Եվ չնայելով հայոց և հունաց պատրիարքարանների անդադար բողոքներին, մինչև այսօր Բ. Դուռը մի կարգ կամ սահման չդրեց նրանց մեջ, և նրանց յուրաքանչյուրի իրավունքները չորոշեց, որ աբեղաները ստիպված չլինեին ամեն տարի միմյանց գլուխը ջարդել։

Բ

Մենք բավական հեռացանք հարցից, երկար կանգնելով կրոնափոխության խնդրի վրա։ Ցույց տալով, թե մեր և տաճկաստանցոց մեջ ոչինչ կապեր կամ հարաբերություններ չկան, և հայտնելով այն միտքը, թե մենք պարտավոր ենք օգնել նրանց — գուցե ընթերցողը սպասում էր, թե մենք պետք է ցույց տանք որևիցե նոր կապեր, կամ մենք կասենք, թե ինչով և ինչ բանի մեջ կարող էինք օգնել նրանց։ Դրանց և ոչ մեկը մեր հոդվածի նպատակը չէ։ Մենք պետք է հետևենք հմուտ բժշկի եղանակին, որ առաջ հետազոտում է հիվանդի կազմվածքը, ուսումնասիրում է նրա ամբողջ կյանքը, քննում է նրա ցավերը, հասկանում է ցավերի առաջ բերող պատճառները, իսկ հետո մտածում է դարմանների մասին։ Մենք, որպես սկզբում հայտնեցինք, դեռ ոչ բոլորովին ճանաչում ենք մեր տաճկաստանցի եղբայրներին, չգիտենք ինչ բանի կարոտ են նրանք, և նրանց դրությունն իր բոլոր կողմերով դեռ մեզ հայտնի չէ. ուրեմն ինչ որ գրենք, ինչ որ մտածենք նրանց մասին, բոլորը կլինեն թերի, միակողմանի և շատ անգամ անհիմն ենթադրություններ։ Պետք է ունենալ ճիշտ տեղեկություններ։ Պետք է մեզ հիմնվել խնդրի բարձր նշանակության վրա և հասկանալ, որպես