Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապարդյուն կլինի։ Կանգնել հեռու, չմտնել գործի մեջ, չտեղեկանալ մի ժողովրդի իսկական պահանջները և միայն ստեղծել իր գլխում իդեալական ցնորքներ — այդ բոլորը հրապուրիչ բաներ են, բայց խաբուսիկ են։ Կաբինետի երևակայություններն ինքն իրան ոչնչանում են, երբ զարկվում են իրականության հետ։

Կրկնում ենք, մեր և մեր տաճկաստանցի եղբայրների մեջ մինչև այսօր ոչ մի ամուր կապ չէ եղել և չկա։ Պատճառները բացատրեցինք։ Եվ ա՛յն ժամանակ կկազմվի մեր մեջ փոխադարձ հարաբերության կապ, երբ կլինի մտքի փոխանակություն, որին պետք է ծառայե իսկապես մամուլը և գրականությունը։ Գրականական հաղորդակցությունը կունենար և այն օգուտը, որ կստեղծեր մեր մեջ ընդհանուր գրականական լեզու, և այդ ամենակարևոր մի գործ է, որովհետև բազմաբարբառությունը, թեև մի կողմից կազմում է լեզվի հարստություն, բայց մյուս կողմից թուլացնում է, անջատում է գրականության կրթողական ուժը և դժվարացնում է միևնույն ազգի մեջ տոհմային հարաբերությունները։

Տաճկաստանի մեր հայ եղբայրները կարոտ են օգնության, կարոտ են, որովհետև անկիրթ են, կարոտ են, որովհետև աղքատ են, — անկրթությունը և աղքատությունը երկուսն էլ մեծ արգելք են լինում ժողովրդի առաջադիմության։ Ամեն հայի պարտքն է օգնել նրանց, իսկ մեծ պարտավորությունը հասնում է Ռուսաստանի հայերին։ Մենք մեծ նշանակություն չենք տալիս այն մասնավոր նվիրատվություններին, որ լինում են Տաճկաստանի այս և այն ընկերության անունով, որովհետև չգիտենք, թե որքան այն ընկերությունների նշանակությունը նպատակահարմար էր, թեև չենք կարող ուրանալ և մեր ժողովրդի գովելի ջանքը, որ աշխատում է գոնյա այսքանով նպաստել մեր կարոտյալ եղբայրներին։

Բայց ցավալի է խոստովանվել, որ մեր տաճկաստանցի եղբայրների վերաբերությամբ այն օժանդակությունը, որ արեց և անում է մեր ժողովուրդը, այն աստիճան աննշան և անբավականացուցիչ պետք է համարել, որ մինչև անգամ հիշելու արժանավորություն չունի։ Մեր հարուստները համարյա չմասնակցեցին, ժողովրդի այդ մասը, որի սրտի մեջ սառել է ազգային ամեն զգացմունք, որ իր քեֆի և փառքի համար ահագին գումարներ է վատնում — հարուստները, խիստ մասնավոր բացառությամբ, Տաճկաստանի կարոտյալների համար ոչինչ չնվիրեցին։ Մեր հոգևորականությունը, միայն իր շահերի և քսակի համար մտածող հոգևորականությունը, բոլորովին անտարբեր մնաց, և որպես սկզբում