Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայկական խնդիրը զարթնելու ժամանակ լռություն պահեց, այնպես էլ նյութապես օգնելու գործի մեջ նա սառնասիրտ համառությամբ պահպանեց իր անկարեկցությունը։ Մեր արիստոկրատիան և այսպես անվանված չինովնիկ հասարակությունը ոչ սակավ սառնասիրտ գտնվեցան, քան հարուստ և հարստահարող վաճառականը և քան ամեն բարի ձգտումներ խեղդող հոգևորականությունը։ Մի կետ, որ աչքի էր զարկում և որ ավելի մխիթարական էր, այն էր, որ Տաճկաստանի մեր կարոտյալ ազգայինների հառաչանքն արձագանք գտավ մեր ժողովրդի ստոր դասի մեջ. չքավոր գյուղացին, օրական աշխատանքով ապրող գործակատարը, փոքրիկ քաղաքների մանրավաճառները, և միշտ գրպանը դարտակ գիմնազիստը բաժանեցին իրանց սուղ միջոցներից մի փոքրիկ մասն այն եղբայրների համար, որ ավելի կարոտության մեջ էին, քան թե իրանք։

Ինչի՞ց առաջ եկած պետք է համարել մեր սառնասրտությունը դեպի մեր արենակից եղբայրները և ինչու՞ պետք է մենք այս աստիճան անկարեկից գտնվեինք։ Մենք ուրիշ պատճառ չենք ճանաչում, բայց միայն այն, որ ինչպես ցույց տվեցինք մեր հոդվածի առաջին գլխում, մեր և տաճկաստանցիների մեջ հենց առաջուց չէ եղել և չկար որևիցե սերտ կապ. մենք կտրված էինք միմյանցից և անջատման վիճակի մեջ մեր փոխադարձ համազգացությունը սառել և իսպառ օտարացման էր հասել։ Ծագեց ռուս-թուրքական վերջին պատերազմը, լսեցինք, կարդացինք մեր եղբայրների դառն թշվառությունները, և գտնվեցան դեռ ոչ բոլորովին մեռած սրտեր, որոնց գութը շարժեցավ, ոգևորվեցան, և մտածեցին օգնության ձեռք հասցնել։ Բայց որովհետև այդ ոգևորությունը րոպեական էր և առաջ էր եկել իրերի ժամանակավոր երևույթներից, ուրեմն և չէր կարող լինել տևողական, չէր կարող լինել հիմնավոր, այլ շարժառիթ պատճառների անհետանալու հետ պիտի անհետանար և ոգևորությունը։ Այսպես էլ եղավ և լինում է։ Սկզբում մենք խիստ հաճախ կարդում էինք «Մշակի» թերթերի մեջ նվիրատվությունների ցուցակներ «Արարատյան ընկերության» համար, իսկ այժմ նվիրատվությունները հետզհետե նվազում են, և շատ չի անցնի, որ գուցե իսպառ կդադարեն։

Մի ժողովրդի ոգևորությունը պահպանելու համար դեպի մի բարի գործ պետք են ազդու միջոցներ և եռանդոտ աշխատություն, ոչ միայն նրա համար, որ դրդեն հասարակությանը նյութապես նպաստամատույց լինել գործին, այլ գլխավորապես նրա համար,