Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ Կ. ՊՈԼՍԻՑ

Տաճկաստանում հայոց եկեղեցվո բաժանվելը զանազան դավանությունների եղավ ազգային միության քակտվելու գլխավոր պատճառներից մինը։

Ազգը կորցրուց իր զորությունը, և նորա ուժերը ցրվեցան։

Մեք հեռու եմք այն նպատակից, որ կրկին քարոզեմք կրոնական միություն, որովհետև բռնաբարել խղճի ազատությունը և համոզմունքը մեր դարու գործը չէ։ Բայց մի ազգ բացի կրոնքից ունի միության ավելի զորեղ կապեր. — նա կապված է արյունով և յուր պատմական անցյալով։ Նա կապված է լեզվով, որո մեջն է նորա կյանքը։ Նա կապված է յուր տնտեսական և հասարակական շահերով:

Բայց կղերի ազդեցությունը, կրոնքով բաժանելով մի անգամ ազգային ամբողջությունից, կտրեց և նոցա անմիջական հարաբերությունների և մյուս կապերը։ Հայկա զավակները մինը` «ֆրանկ եմ» ասելով, մյուսը` «ընկլիս», երրորդը` «հոռոմ», սկսան ուրանալ հայությունը, եղբայրը բաժպնվեցավ եղբորից։

Խավարի դարը անցավ։ Փորձը ցույց տվեց այն հույսի սխալմունքը, թե մի հայ կարող էր կրոնափոխության վաճառքով գնել իր հանգստությունը։ Թե մի հռովմեական փափագ, մի ամերիկացի միսիոնար, և այս կամ այն ֆրանսիական, անգլիական հիպատոսները, դեսպանները, կարող էին մի օտար տերության մեջ պաշտպանել հայի իրավունքները. և կամ նոքա կնպաստեին նորա մտավոր և նյութական զարգացմանը։

Բնական օրենք է, որ մի առարկայի մեքենայական շարժման ուժերը պետք է կենտրոնացած լինեն նույնիսկ առարկայի մեջ։ Արտաքին ուժը միայն ժամանակավոր շարժառիթ է։ Դադարեց զարկը, կդադարե և նա գործելուց։

Եվ այսպես, մեր գործունեության բոլոր զորությունը պետք է ծնվի մեզանում, ծագե մեզանից։ Մեք պետք է դիմեմք մեր ինքնաօգնականաթյանը: Արտաքին ուժերը միայն ժամանակավոր շարժառիթներ պետք է լինեն։

Ազգի ընդհանուր շահերի վերա մտածել, գործել և իրագործելու պետքը, ազգի անմիջական միությունից կախումն ունի: Բայց դժբախտաբար դեռ մեր կաթոլիկ, բողոքական և լուսավորչական եղբայրները Տաճկաստանում որոշ խումբեր են կազմում:

Նոցանից ամեն մինը եսականապես յուր համար է ապրում։