Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց մի ամբողջության մեջ և խմբովին գործել։ Դա ուրիշ կերպ լինել կարող չէր, բայց միայն, երբ Ռուսաստանի հայերից կկազմվեր մի հանձնաժողով գլխավորապես բարեգործական նպատակով` օգնելու մեր տաճկաստանցի եղբայրների կարոտություններին։ Ահա այդ հանձնաժողովը կարող էր ձեռք բերել Տաճկաստանի մասին այն տեղեկությունները, որոնց մասին վերևում խոսեցինք։ Նա կարող էր, գործին հմուտ ճանապարհորդներ ուղարկել Թուրքիայում հայերի դրությունն ուսումնասիրելու, և հրատարակել ոչ միայն հայերեն լեզվով, այլ զանազան լեզուներով, նա կարող էր մինչև այսօր հրատարակված հատ ու կտոր տեղեկությունները հավաքել, ամբողջացնել, և նույնպես առանձին գրքերով և թարգմանություններով հրատարակել։ Մի այսպիսի հանձնաժողովը բացի նյութապես և բարոյապես օգնելուց, ուրիշ շատ օգնություններ էլ կարող էր անել, որոնց վրա հարկ չենք համարում խոսել — այս էլ բավական է, որ նա կծանոթացներ Տաճկական Հայաստանի դրությունը ոչ միայն մեզ` Ռուսաստանի հայերին, այլ բոլոր լուսավոր աշխարհին։ Այն ժամանակ մենք հաստատ կերպով կգիտենայինք, թե ինչ կարոտություն ունեն նրանք և ինչ բանի մեջ պետք է օգնել[1]։

Ժողովուրդների վիճակը հանկարծ չէ հեղափոխվում, մի օրվա մեջ չէ բարվոքվում, այլ նախապատրաստությունը սկսվում է գուցե դարերով առաջ, իսկ հարմար ժամանակ նրան իրագործում է։ Տաճկաստանցիք նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու և այս պատճառով չհասան իրանց նպատակին, թեև ոմանք Բեռլինի վճռի 61-րդ հոդվածի մեջ ոսկու հանք են տեսնում։ Այդ հանքը մեզ շատ չէ շլացնում։ Այս և այն հոդվածը, մանավանդ, երբ նա ֆորմի համար գրված է լինում, մի ժողովրդի վերածնելության վերաբերությամբ այնքան նշանակություն ունի, որքան մեռած ռեցեպտը հիվանդի առողջության համար, երբ դեղերը չեն գործադրվում։

Մենք մեկ հանք ենք ճանաչում, որից կարելի է ստանալ ցանկացած ոսկին, եթե այդ հանքն անդադար և անընդհատ կերպով կբովագործվեր. դա կոչվում է նախապատրաստություն։ Եվ Տաճկաստանի հայոց խնդիրը պետք է կայանա այսուհետև անդադար և

  1. Վաղուց լսել ենք, թե մեր ռուսաստանցի հարուստներից մեկը ցանկուկթյուն ուներ Տաճ. Հայաստանում հիմնել մի բարձր դպրոց և այդ նպատակով վարժապետներ էր պատրաստում. եթե ճիշտ է այդ, արդյոք ո՛ր օրվա համար է պահել նա իր դպրոցը և վարժապետները։