Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂ ՀԱՍԱՐԱԿՈԻԹՅՈՒՆԸ

Մտադրված լինելով նկարել Տաճկաստանի հայոց ներկա դրության և նրանց մոտավոր անցյալի ճիշտ պատկերը, վերջին քաղաքական անցքերի տպավորության ներքո ես ձեռնարկեցի գրել իմ «Կայծեր» անունով վեպը։ Այս աշխատությունը բովանդակում էր իր մեջ այն բոլոր սարսափելիքը, որոնց ենթարկված է Տաճկաստանի հայը։ Վեպը բաղկանում է երկու առանձին հատորներից, որոնց յուրաքանչյուրը կունենա մոտավորապես 400 տպագրված երեսներ։ Գործողությունների կենտրոնը Վասպուրականի նահանգն է. տիպերը հեղափոխական բնավորություն ունեն a la «Djalaledine»։ Իսկ անցքը վեր է առնված Վասպուրականում երեք քառորդ դար առաջ կատարված հայերի մի շարժումից, որի տխուր հիշատակները մինչև այսօր պահված են տեղային ժողովրդի մեջ։

Ի նկատի ունելով այն երևույթը, որ այսօր Տաճկաստանի հայերի խնդիրը գրավում է մեր բոլոր համազգիների բարի ուշադրությունը, ես շտապեցի որքան կարելի է շուտով տպագրել հիշյալ աշխատությունը, համոզված լինելով, որ դրանով կարող եմ մի փոքրիկ լույս ձգել Թուրքիայի հայոց խնդրի լուծման վրա, որը գուցե դեռևս երկար ուսումնասիրության պետք ունի։

Բայց տպագրության ծախսերի դժվարությունն ինձ ստիպեց դիմել մեր պատվելի ընթերցող հասարակությանը, խնդրելով նրա համակրությունը մի այսպիսի ձեռնարկության մասին, որը բարեմիտ անձանց օժանդակությանը կարոտ է։ Եվ հուսով եմ, որ իմ ակնկալությունն անպտուղ չի մնա, և բաժանորդագրությամբ լույս կտեսնի «Կայծերը»։ Երկու հատորի բաժանորդագինն է միասին 3 ռուբլի. գրքերը կտպագրվեն մինը մյուսից անմիջապես հետո, և ստորագրությունների համեմատ կուղարկվեն պ. պ. բաժանորդներին։

Տպագրությունը կսկսվի անհապաղ այն ժամանակ, երբ բաժանորդներից գոյացած գումարը կլրացնե տպագրության ծախսը։