Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞ՆՉՈՎ ԵՆՔ ՄԽԻԹԱՐՎՈՒՄ

Կույրը մի տեսակ մխիթարություն է զգում, երբ հանդիպում է մի ուրիշ կույրին, մտածում է, որ ինքը մենակ չէ։ Աղքատը նույնպես մխիթարվում է, երբ իրանից ավելի դժբախտին է տեսնում։

Բաժանված ախտը թեթևացնում է ախտավորի արատավորությունը։ Բաժանված դժբախտությունը մխիթարում է թշվառին։

Ո՞վ չգիտե, որ սնանկացած վաճառականն ուրախանում է, երբ միևնույն անբախտությունը պատահում է և իր ընկերներին։ Երկրագործը շատ չէ տխրում, երբ կարկուտը փչացնում է բոլոր գյուղացիների արտերը։ Մինչև անգամ մահը, որ այնքան ցավալի է լինում, խոլերայի և ժանտախտի ժամանակ կորցնում է իր տխուր ազդեցությունը, որովհետև շատերն են մեռնում և վտանգը հասարակաց է դառնում։

Այդ ի՞նչից է, որ մարդ իր թերությունների, կորստի և անբախտությունների մխիթարությունը գտնում է ուրիշի թերությունների, կորստի և անբախտությունների մեջ։ Եթե չասենք, թե դա բնական է, կարող ենք ասել, որ այդ այդպես է լինում։

Այսպիսի հասկացողություններ, այսպիսի մտածություններ ոչ միայն տեսնում ենք մասնավոր մարդու մասնավոր կյանքի մեջ, այլ մինչև անգամ ամբողջ ժողովուրդների և հասարակությունների կյանքի մեջ։ Մի ժողովուրդ կամ մի հասարակություն իր վատ վարմունքն արդարացնում է մի ուրիշ ժողովրդի կամ հասարակության նույն տեսակ վարմունքով։ Զարմանալի չէ, որ տգետ ամբոխն այսպես է դատում, բայց շատ անգամ ինտելիգենցիան նույն սխալանքի մեջ է ընկնում։

Ինձ շատ անգամ պատահել է վիճել այսպիսիների հետ. ես հիշում եմ մինչև անգամ մի քանի բանակռիվներ, որ լրագրության մեջ անցան։ Խոսում ես, օրինակ, հայերի մի ընդհանուր մոլության կամ մի ընդհանուր թերության մասին. քո հակառակորդը իսկույն որոնում է և գտնում է երկրագնդի վրա մի քանի ազգություններ, որոնք նույնպիսի թերություններ ունեին, և դրանով արդարացնում է հայի վարմունքը, ասելով, թե հայը մենակ չէ, որ այսպես է գործում։ Նա, կարծես, մի տեսակ մխիթարություն է զգում, երբ օտարների մեջ իր ազգի նմաններին է գտնում։


Այս տեսակ կարճամիտները զուրկ են լինում հիմնավոր ինքնաճանաչությունից։ Նրանց հայացքները կյանքի թե ընդհանուր և