Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե մասնավոր երևույթների մասին ունենում են միշտ նեղ, սահմանափակ և միակողմանի բնավորություն։

Ուրիշների մոլություններով արդարացնել իր վատ վարմունքը — ահա՜ նրանց գլխավոր փաստը։

Ասում ես, օրինակ, հայ վաճառականը խաբեբա է։ Օրհնած, պատասխանում են քեզ, դու նայիր հույներին, հրեաներին և կրթյալ անգլիացուն, հային, նրանց հետ համեմատելով, պետք է հրեշտակ համարել։

Բայց խաբեբայությունը խաբեբայություն է, ինչ չափով և ինչ ազգի մեջ գործվեր նա։ Ուրիշի գողությունները մեր գողությունը չեն արդարացնում։

Ասում ես, մեր եկեղեցականները վատ են, ծույլ են, ժամանակի պահանջների համաձայն չեն գործում, ազգի արծաթը վատնում են, ոչ մի օրինավոր բան չեն արդյունաբերում և այլն։ Իսկույն քո առջև գնում են կաթոլիկ կղերը, և սկսյալ եգիպտական քուրմերից մինչև Պիոս IX-ը, կարդում են եկեղեցականների վնասակար ազդեցությունը, դուրս բերելով այն եզրակացությունը, թե հայ կղերը համեմատաբար ավելի տանելի է։ Բայց դրանով հայ կղերը չէ արդարանում։

Այսպես դատելով, կարելի է միշտ այն սխալ եզրակացությանը հասնել, թե ինչ որ մեր մեջ վատ է, անբարոյական է, անազնիվ է, վնասակար է — ներելի է, որովհետև օտարների մեջ ևս գտնում ենք միևնույն հատկություններ։ Այսպես դատում էին և մինչև այսօր շարունակում են այսպես դատել այն փտած ազգասերները, որոնք հայի մեջ չեն ներում ոչ մի սև բիծ տեսնել։

Բայց մոռանում ենք մի բան։ Մի՞թե օտար ազգերը գոհ են իրանց վիճակից, մի՞թե նրանց մեջ ևս ժողովրդի ընտիր և մտավորապես զարգացած մասը չէ բողոքում, չէ դատապարտում այս և այն հասարակական զզվելի երևույթները։ Մոռանում ենք, որ օտար ազգերն իրանց թերությունների հետ ունեն և ահագին առավելություններ, որոնք պակասում են ողորմելի հային...

Մասնավորում եմ իմ խոսքը։

Մեզանից որի՞ հետ չէ պատահել աշակերտության ժամանակ տեսնել, երբ վարժապետը նկատել է մեր ընկերներից մեկի այս և այն անկարգությունը, ասելով. — Արշակ, անպիտան, ինչու ես չարություն անում։ Արշակը իրան արդարացրել է, պատասխանելով. — վարժապետ, ես մենակ չէի, Արամն էլ էր այսպես անում… Բայց Արամի անկարգությունն Արշակին չէ ազատում պատժից։