Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն տպավորությունը գործեց, երբ կարդացի պ. Դադյանցի նամակը («Մշակ» № 217»)։ Ես շատ ուրախ կլինեի և մեծ հոժարությամբ հետ կառնեի իմ խոսքը, եթե պարոնը իմ «Հայ երիտասարդության» մեջ նկարած Ռուսաստանի հայ ուսանողների պատկերը բոլորովին անճիշտ և աղավաղված կգտներ։ Բայց նա աշխատում է արդարացնել հայ ուսանողների թերությունները, նրանով, որ դրանք ընդհանուր ուսանողության հատկանիշներ են, ո՛ր ազգության և պատկանեին — ռուս, լեհացի, գերմանացի, վրացի և այլն։ Դարձյալ մտածության նույն ձևը, դարձյալ դատողության նույն եղանակը, որ մենք լսում ենք մեր ազգային և հասարակական ամեն մի տգեղ երևույթների վերաբերությամբ։ Մենք մեղավոր չենք, որովհետև ուրիշներն էլ նույնն են գործում... մենք մեղավոր չենք, որովհետև մեր նմանները շատ կան... Արշակը մեղավոր չէ, որովհետև Արամն էլ անկարգություն է անում... Պ. Դադյանի նման ուսանողին, որի գրվածները խոստանում են լավ ապագա, աններելի է այսպես դատել։

Ճշմարիտ ասած, իմ նկարագրած պատկերներն առհասարակ հայ ուսանողների կյանքից ուրիշ ոչինչ չեն, բայց միայն զանազան ժամանակներում «Մշակի» մեջ տպված հատ ու կտոր հոդվածներից և նամակներից դուրս բերած մի ամբողջ նկարագիր, որ իմ գրչի տակ ավելի ամփոփ շրջանակի մեջ է դրված։ Ես օգուտ եմ քաղել և այն վիճաբանություններից, որ ուսանողների վերաբերությամբ շատ անգամ տեղի են ունեցել այդ լրագրի խմբագրատան մեջ, իհարկե, ավելացնելով միևնույն ժամանակ և իմ սեպհական հայացքներն ու դիտողությունները։

Գուցե պ. Դադյանը այսօր տեսնում է իր աչքի առջև մի քանի իսկապես լավ ուսանողներ, որոնց ես էլ չեմ ուրացել, բայց «մի ծաղիկով գարուն չի լինի», — ասում է հայտնի առածը։ Պետք է այն ևս նկատողության առնել, որ մի գրող, երբ կամենում է նկարել այս և այն հասարակության պատկերն իր բոլոր լավ և վատ կողմերով, նա չէ բավականանում միայն ներկա կամ առօրյա երևույթներով, այլ հավաքում է մի որոշ պերիոդի, ժամանակի մի որոշ շրջանի մեջ հայտնած երևույթները, ամբողջացնում է, և նրանցից դուրս է բերում մի ընդհանուր նկարագիր։ Նույնպես վարվում է և տնտեսագետը, մի քանի տասն տարվա ընթացքում կատարված փաստերից, մի քանի տասն տարվա ընթացքում հավաքած թվանշաններից դուրս է բերում միջին թիվ և նրա վրա հիմնում է իր կարծիքը։ Այսպես վարվել եմ և ես իմ հետազոտությունների