Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ հայ երիտասարդության վերաբերությամբ։ Ես վեր եմ առել մի ամբողջ սերունդ, որ գործում է և գործել է մի քանի տասն տարիների ընթացքում։ Հասարակական տիզերը մի օրվա մեջ չեն ծնվում, նրանք ներկայացնում են մի որոշ ընդհանրության հատկանիշներ, որ հայտնվել և զարգացել էին ժամանակի մի որոշ շրջանի մեջ։ Գուցե իմ նկարած ուսանողներից ոմանք դեռ չեն թողել համալսարանի նստարանները, գուցե ոմանք ավարտելով, այսօր պտտում են մեր աչքի առջև, և, ոմանք ծերանալով, թողել են կյանքի ասպարեզը։ Ես միացրել եմ երկու ծայրերը մի բոլորակի ամբողջության մեջ։ Բայց եթե ընթերցողը նրանում հրեշավոր տգեղություն է տեսնում, ո՞վ է մեղավոր։

«Հայ երիտասարդությունը» տպվելուց հետո «Մշակի» խմբագրատան մեջ ստացվեցան մասնավոր նամակներով մի քանի բողոքներ, ստացվեցան և շատ համակրական նամակներ։ Մի քանի պարոններ մինչև անգամ խնդրում էին, որ հիշյալ աշխատությունն առանձին տետրակով հրատարակվի։ Բայց պ. Դադյանի նամակի մեջ իմ ուշադրությունը գրավում է այն կետը, իբր թե, ես դուրս բերելով ուսանողությունը մի «հրեշային պատկերի» մեջ, դրանով անգիտակցաբար մտցնում եմ հակակրություն և մինչև անգամ թշնամություն հասարակության մեջ դեպի այն սերունդը, որի ուժերի վրա շատ և շատ հույսեր է դրել ազգը։ Թող չվրդովվի պատվելի նամակագիրը, դրանով ուսանողությունը ամենևին չի վնասվի։ Ինքնաճանաչությունը միշտ եղել է օգտավետ և կլինի։ Հիմար կանվանեինք այն հիվանդին, որ թաքցնում է իր ցավերը։ Երբ «Մշակը» սկսեց անողոք կերպով մտրակել եկեղեցականներին, գտնվեցան միամիտներ, որ ասում էին. — պարոններ, ի՞նչ եք շինում, դուք ձեր ձեռքով ձեր տունը քանդում եք. եկեղեցին մեր ազգի հիմքն է, հարձակվելով եկեղեցականների վրա, մերկացնելով նրանց այլանդակությունը, դուք դրանով կծնեցնեք հակակրություն և մինչև անգամ անհաշտություն ժողովրդի սրտում, և կբաց անեք նրա ու եկեղեցականների մեջ մի անդունդ, որը հետո դժվար կլինի միացնել, — դրանով կվնասվի մեր եկեղեցին։ Բայց եկեղեցին ամենևին չվնասվեցավ և եկեղեցականները սկսեցին փոքր առ փոքր լավանալ։

Ում շատ է տված, նրանից շատ կպահանջվի։ Ես և մեզանից ամեն մեկը, իհարկե, այնքան խիստ չէին լինի Ներսիսյան դպրոցում կամ որևիցե միջնակարգ ուսումնարանում ավարտած աշակերտի հետ, որովհետև նա գործում է ավելի, քան թե սովորել է։