Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց համալսարանական բարձր ուսում ստացած երիտասարդին պետք է մտրակել ամենայն անգթությամբ, երբ նա չէ համապատասխանում ոչ իր կոչմանը և ոչ ստացած գիտությանը։ Մեր լրագրությունը, մեր գրականությունը մեծ բարերարություն արած կլինի ազգին, երբ կսկսի քննադատել այդ փչացած և խարդախված սերունդը, որ մի նշույլ անգամ օրինավոր ապագայի չէ խոստանում։ Ի՞նչ են տվել մեզ, ի՞նչ ծառայություն են մատուցել։ Գնալ, ուսում առնել, դիպլոմ ստանալ, կյանքի մեջ բարձր դիրք բռնել, հարստանալ, փառավոր կերպով ապրել — այս բաներից հազիվ թե հայոց ազգը կարող էր շահվել։

Պետք է ի նկատի ունենալ մի ուրիշ կետ ևս։ Մեր ուսանողները ամեն տեղ, ամեն երկրում, օտարազգիների հետ համեմատելով, ամենաչնչին փոքրամասնություն են կազմում։ Եթե, օրինակ, մի համալսարանում կային 10 հայ ուսանողներ, իսկ 100 ռուս ուսանողներ, և հայերից 8-ը վատ էին, իսկ ռուսներից 50-ը, դարձյալ համեմատաբար հայերից վատերի թիվը մեծ պրոցենտ է ներկայացնում։ Բայց մեր նախնի ուսանողներն այսպես չէին, նրանք Աթենքի, Աղեքսանդրիայի դպրոցներում միշտ իրանց փոքրամասնությամբ գերազանցում էին մեծամասնությունից, որպես լավ ուսանողներ։

Պ. Դադյանի մի երկրորդ սխալն այն է, որ նա աշխատում է երևույթներն արդարացնել պատճառներով։ Պատճառները միայն թեթևացնում են հանցանքը, բայց հազիվ թե արդարացնում են։ Մի անբարոյական միշտ կհամարվի անբարոյական, թեև նրա մոլություններն առաջ եկած լինեին վատ դաստիարակությունից կամ կենսական այլ և այլ պահանջներից։ Այնպես էլ գողը, ավազակը միշտ ճանաչվում է ավազակ, թեև նրանց վարմունքը կլիներ հետևանք տնտեսական կամ հասարակական այս և այն անկարգ կազմակերպության։ Գողությունը փաստ է, պատճառով չեն արդարացնում նրան։

Հասկացողության այդ եղանակը, երբ միակողմանի կերպով է վերաբերվում դեպի հայտնվող երևույթները, միշտ սխալ եզրակացությունների է հասցնում։ Իհարկե, ամեն երևույթ ունի իր արտադրիչ պատճառները։ Որպես բնության, նույնպես և կյանքի մեջ ոչինչ բան ինքնագոհ չէ։ Բայց պատճառները պետք չէ խառնել երևույթների հետ, որոնք միշտ պահպանում են իրանց բնավորությունը, լավ կամ վատ հատկությունները։