Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե այս մեթոդին հետևեինք, այն ժամանակ ոչ մի բանի դեմ պետք չէր խոսել, ոչ մի անարդարության դեմ պետք չէր բողոքել, որովհետև և ոչ մեկը արտադրիչ պատճառ չէր լինելու։ Բայց մեր մեջ կան շատերը, որոնք հետևում են մտածության այս եղանակին։ Օրինակ, ասում ես, թե հայը ցած և ստրկական բնավորություն ունի, թե նա զուրկ է այն բանից, որ կոչվում է ազգային ազնիվ հպարտություն, թե նա պատվի և անձնասիրության զգացմունք չունի, թե նա չէ հետաքրքրվում որևիցե բարձր իդեայով և այլն։ Հիմար անձնագովները հերքում են այս ճշմարտությունները, իսկ կարճատես խելացիները արդարացնում են։ Վերջիններս սկսում են քննել պատճառները, և իսկույն դառնալով դեպի անցյալը, դեպի պատմությունը, պատասխանում են քեզ. — դու գիտես, եղբայր, թե այդ ազգը ինչ է կրել իր կյանքում, թշնամու սուրը միշտ նրա գլխից պակաս չէ եղել. բռնության լծի ճնշման տակ նա կորցրել է իր զգացմունքը դեպի գեղեցիկը և ազնիվը։ Շատ լավ, պատճառը հասկացանք, դիցուք թե հայը մի այսպիսի թշվառ անցյալ է ունեցել, բայց ներկայումս պետք չէ՞ որ ուղղվի և վերադարձնե իր հին կորուստը։

Ասա դու նրան, թե հայոց ընտանիքը այս և այն թերությունն ունի, թե նրա կազմակերպության մեջ տիրում են շատ անկարգություններ, թե մանուկ սերունդը ճնշվում է հներից, թե ամուսնական լծակցությունը շատ անգամ անտանելի է դառնում և այլն։ Քեզ կպատասխանեն. — թե դրանք մտել են մեր մեջ երկար տարիներով պարսիկների և մահմեդական ազգերի հետ դրացությունից։ Դարձյալ պատճառներ։ Բայց դրանք բավական չեն, որ մենք ներողամիտ լինեինք դեպի մեր ընտանեկան մոլորությունները։ Ի՞նչ կասեինք այն բժշկին, որ հիվանդի ցավը քննելով, կասեր մեզ, թե դա մի վնասակար տենդ է, որ առաջ է եկել մրսելուց, և կդադարեր նրան դարմանելուց։ Մրսելը պատճառ է, բայց տենդը հիվանդության փաստ է, որ կարոտ է բժշկության։

Վերջացնում եմ ձեզ հետ, պ. Դադյան, հասկանում եմ ուսանողի վրդովմունքը, երբ հարձակվում են նրա ընկերակիցների վրա։ Ցավում եմ, որ ավելի պարզ խոսել չէի կարող, և այս պատճառով իմ հոդվածը ստացավ ավելի այլաբանական և ճիշտ ասած, ֆելետոնական ձև։ Բայց եթե ես իմ կարծիքների մեջ ուսանողների վերաբերությամբ սխալված եմ, երանի թե այդպես լիներ…