Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ազգային մամուլը մինչև այսօր չբարձրացրեց միության խնդիրը։ (Մենք չենք նայում այդ հարցի վերա կրոնական կետից)։ Թեև ժամանակ առ ժամանակ հայտնվեցան զանազան հրավերքներ, բայց նոքա լինելով բոլորովին միակողմանի, եղան ձայն բարբառո հանապատի։

Հակահասունյան կուսակցության բաժանվելը Վատիկանի` ամենայն ազատության ճնշող, միտքը և հոգին կաշկանդող շղթաներից, մի համարձակ քայլ էր դեպի ազգային միությունը։ Բայց մեր լուսավորչական հայերը ո՜րպես նայեցան այդ երևույթին։ — Նոքա ոգևորվեցան, ուրախացան, հրճվեցին և ավելի ոչինչ...

Կ. Պոլսի հայերը դեռևս չունեն մի կենտրոն, ուր ազգի զանազան անդամները հավաքվելով, նորա պիտույքների վերա մտածեն։ Հասարակաց սրճատները, այդ ժողովարանները ամենատեսակ դատարկախոս, մոլաշրջիկ և ծույլ մարդերի, հայտնի բան է, չէին կարող բավականություն տալ մի այդպիսի նպատակին։ Մի կենտրոն, որ կարող էր ժողովրդի գործունյա և մտածող դասին մի տեղ հավաքել, է ազգային կլուբը: Այդ բանից զուրկ են Կ. Պոլսի հայերը:

Ասելով կլուբներ մեք չեմք կամենում հիշել այնպիսի կլուբներ, ուր հաճախորդները միայն թղթախաղով ու զանազան զվարճություններով են վարում յուրյանց դատարկ կյանքի ծանրացած րոպեքը։ Այլ ազգային կլուբներ ասելով, մենք հասկանում ենք այնպիսիքը, որ ծնեցին այսպես կոչված երևելի կլուբական հերոսներին: Ազգային կլուբ ասելով մեք հասկանում եմք մի կենտրոն, ուր հասարակական գործիչները, միատեղ հավաքվելով խոսում են, վիճում են, հակաճառում են և վերջապես մշակում են հասարակական գործերի դժվարին խնդիրները։ Այստեղ կազմվում են զորեղ կուսակցությունները, այստեղից ծնվում են երևելի տաղանդները, և վերջապես, այստեղ կցվում են կրոնական մրրկով զատված կապերը ազգի անդամների։

Շատ նեղ կլիներ այդ հայացքը և միակողմանի, եթե հայերը ուրյանց հասարակական շահերը պահպանելու համար միայն կաշխատեին միանալ յուրյանց այլադավան ազգայինների հետ, առանց ուշադրություն դարձնելու մյուս ազգությունների վերա, որպիսի են հույները, ասորիները, հրեաները և այլն։

Մի պետության մեջ որպես է Տաճկաստանը, հպատակ ազգությունները մասնավոր բացառությամբ միևնույն լավ կամ վատ վիճակի, միևնույն բախտավոր կամ անբախտ դրության մեջ են