Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոկլը, եթե կամենում էին հասկանալ, թե ինչ կապ կա ազգերի պատմության մեջ։

Պետք է լայն հայացքով նայել առարկայի վրա. պատմությունը առաչյոք միրաժներ ունի, որոնք երբեմն ձգում են անհմուտ նայողին օպտիկական խաբեությունների մեջ։ Նեղ, միակողմանի հայացքը պատմության վրա միշտ մոլորեցնում է մարդուն։ Հայն աշխարհի ստեղծագործության մեջ մի առանձին արարած չէ, և չէ կարող լինել։ Նա ազգերի պատմության մեջ բացառություն չէ կարող կազմել։ Նա ենթարկված է եղել և պետք է ենթարկվի միևնույն պատմական օրենքներին, որոնցմով կառավարվել են մարդկությունը ներկայացնող ազգերը։ Հայն առանձին պատմական օրենքներ ստեղծել չէ կարող։ Պատմությունն ազգերի առջև մի որոշ շավիղ է գծել — դա ընդհանուր մարդկության ուղին է — ինչ ազգ, որ ոտքը դուրս է դնում այն շավղից, մոլորվում է, կորչում է և ոչնչանում է...

Կրոնը որպես մարդկային զգացմունքի արտահայտություն, ժամանակների հետ միշտ փոփոխվել է և անվերջ կերպով կփոփոխվի։ Մեր նախնիքը մի ժամանակ կռապաշտ էին, այժմ մենք քրիստոնյա ենք, իսկ դարերից հետո, ով գիտե, մեր ապագա սերունդը ինչ կրոն կստեղծե իր համար, գուցե ամենևին կրոն էլ չի ունենա։ Ուրեմն, մի բան, որ տևողական չէ, որ միշտ հեղուկ վիճակի մեջ է գտնվում, որ զգացմունքից միայն կախում ունի, նա չէ կարող ազգության հաստատ հիմք լինել. գուցե մասնավորապես կնպաստե նրա գոյությանը, բայց պահպանել չէ կարող։

Պետք է փայտից շինած գլուխ ունենալ և այդ ամենապարզ ճշմարտությունները չհասկանալ։ Բայց ի՞նչ օգուտ, հազար ու մեկ փաստեր բեր, միևնույն է, դարձյալ քեզ կպատասխանեն, թե հայոց ազգը պահպանվեցավ իր կրոնով, իր եկեղեցիներով։ Եվ այդ խոսքերը կրկնվում են մի հոյակապ ազգի վերաբերությամբ, որի ողորմելի փշրանքներն են մնացել այսօր։ Դուք գիտե՞ք, պարոններ, թե ո՞րքան էր առաջ հայերի թիվը, և այժմ որքան է մնացել։ Ինչո՞ւ կորան նրանք, ինչո՞ւ կրոնը չկարողացավ պահպանել։ Եթե հայերն ունեցել են մի փառավոր անցյալ, — դա եղել է նրա հեթանոսական դարերում և քրիստոնեությունն ընդունելուց հետո այդ ազգը սկսեց տկարանալ և քայքայվել։

Շատ հեշտ է վեր առնել պատմությունից մի քանի երևույթներ, և առանց նրանց իսկական պատճառները քննելու, սխալ եզրակացություններ