Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրում: Պաշտպանել այստեղ իրավունքը տիրող ազգի ճնշումներից, համահավասար ազատություն վայելել,— այդ բոլորի պարտքն է։ Այսօր խլվեցավ մի ազգից նորա որևիցե իրավունքը, սեփականությունը, այսօր բռնաբարվեցավ նորա որևիցե արտոնությունը, պատիվը, վաղը միևնույնը կարող է պատահել և մյուսներին։ Այսպիսի հանգամանքներում հպատակ ազգերը պետք է ունենան ներդաշնակ համաձայնություն և փոխադարձ օգնականություն դեպի հասարակաց բարին։ Որովհետև միակ ուժը, հանդիպելով ավելի զորեղ ընդդիմադրության տիրապետող կողմից, կորցնելու է յուր նշանակությունը, առանց հասնելու որևիցե հաջող հետևանքի։

Իսկ հայոց պատրիարքը այս ինչ մասնավոր դեպքի առիթով կտրում է յուր հարաբերությունը յուրյանց պատրիարքարանի հետ և դորանով խզվում է մի ազգի կապը մյուսի հետ։ Չնայելով, որ նոցա փոխադարձ հարաբերությունները որքան օգտավետ էին յուրյանց ներկայի և ապագայի շահերուն։

Այս տողերը գրելու ժամանակ ինձ բերեցին «Մասիս» լրագրի 1356 և 1358 համարները։ Նոցա մեջ մի հոդված, որ թարգմանված էր հունաց «Անաթոլի» լրագրից, բավականին գրավեց իմ հարցասիրությունը։ Նորա մեջ ամենայն անկեղծությամբ հնչվում էր հույների մտածող դասի արձագանքը դեպի եղբայրական սերը և հաշտությունը հայերի հետ, հեռու պահելով այս պարագայիս մեջ կրոնական միշտ երկպառակություն գցող և ատելություն սերմանող խնդիրները։ Հոդվածագիրը մեղադրում է հունաց կղերի մոլեռանդությունը, որ կրոնական դեպքերի պատճառով կտրում են հայերի հետ հաշտության և սիրո կապերը, որք միակ հիմքը կարող էին լինել նոցա ներկայի և ապագայի բարօրությանը։ Մեք բոլոր սրտով համակրում ենք հոդվածագրի կարծիքը։

Տխուր երևույթ է ներկայացնում, երբ նշմարում ենք Տաճկաստանում ամեն մի դավանության պատկանող ազգությունները փոխանակ հիմնվելու ժողովրդական ուժերի վերա, խիստ պինդ բռնած են կղերի փեշերից (քղանցքից)։ Այդ իրողությունը ունի յուր քաղաքական պատճառները։ Բարձ. Դուռը մինչև այսօր եկեղեցականներին է ճանաչում որպես ազգային գլխավորների ներկայացուցիչներ։ Եվ ուրիշ կերպ չէր կարող լինել, երբ մահմեդական աշխարհը յուր կրոնական բնավորությամբ ինքը տակավին չէ կարողացել ազատվել յուր շեյխերի և ղադիների աղդեցությունից։