Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՓՈՍՏԱՅԻ ՀԱՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՄԵՋ (ԷՋ 62)

«Վաճառականությունը հայերի մեջ» հոդվածից արդեն հայտնի է, որ Րաֆֆին ցանկանում է զարկ տալ նոր տիպի վաճառականության զարգացմանը։ Նույն միտքը նա հետևողականորեն արծարծում է նաև մի շարք այլ հոդվածներում, ինչպես նաև «Ոսկի աքաղաղ» վեպում։

«Փոստայի հարակցության կարևորությունը Ռուսաստանի և Պարսկաստանի մեջ» հոդվածում Րաֆֆին թեև ուրիշ կետից է մոտենում խնդրին, բայց նպատակն ու ելակետը մնում է նույնը - ճանապարհ հարթել նոր զարգացող բուրժուական հարաբերությունների համար։

Հոդվածը լույս է տեսել Մելիքզադե ստորադրությամբ:

Արտատպված է «Մշակից», 1873 թ., N 37, էջ 2:

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ (ԷՋ 65)

Ընթերցողներին ուղղված այս առաջաբանը Րաֆֆին գրել է իր անդրանիկ ժողովածուի` «Փունջ» առաջին հատորի հրատարակման առիթով:

Այս կարճ առաջաբանով Րաֆֆին իր գիրքը հանձնում է ընթերցողներին, նախօրոք զգուշացնելով, որ իր բանաստեղծությունները զուրկ են գեղարվեստական վսեմությունից, որ դրանք արձագանք են դառն հառաչանքի:

Առաջաբանի միջոցով Րաֆֆին ընթերցողներին ծանոթացնում է իր հրատարակչական ծրագրերի հետ։

Հայտնում է, որ «Փունջ» խորագրով ժողովածուն լույս է տեսնելու տասը հատորով: Այստեղ մանրամասն նշված է, թե ինչ պարունակություն է ունենալու «Փունջի» ամեն մի հատորը, ինչ դիրք ու ծավալ է ունենալու նրա յուրաքանչյուր գիրքը:

Հոդվածը գրված է 1873 թվականին, հրատարակվել է երկու անգամ: Առաջին անգամ լույս է տեսել 1874 թվականին (իբրև «Փունջի» առաջաբան), իսկ երկրորդ անգամ` 1891 թվականին: Հեղինակի մահվանից հետո, երբ նրա ստեղծագործությունների հրատարակման իրավունքը անցնում է Աննա Րաֆֆու ձեռքը, վերջինս 1891 թվականին տպագրում է Րաֆֆու «Վիպակներ և պատկերներ» ժողովածուն, իբրև առաջաբան կրճատ ձևով օգտագործելով այս հոդվածը:

Արտատպված է «Փունջի» առաջին հատորից, Թիֆլիս, 1874 թ., էջ VII։

ԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ (ԷՋ 69)

«Առաջաբանի տեղ» հոդվածը Րաֆֆին գրել է «Փունջի» երկրորդ հատորի հրատարակման առիթով։ Րաֆֆին բացատրում է, որ հրատարակելով իր պատմվածքները, նպատակ է ունեցել «զարգացնել կարդացողների ճաշակը և նոցա սերը դեպի մայրենի լեզվի ընթերցանությունը»: Այնուհետև օգտվելով առիթից, հեղինակը իր վերաբերմունքն է ցուցաբերում «Փունջի» առաջին հատորի կրիտիկոսների հանդեպ, վայրիվերո համարելով «Մեղու Հայաստանի»-ի և «Մշակի» կողմից արված դիտողությունները։ (Այս մասին տե՛ս Րաֆֆի, Երկերի ժողովածու, 8-րդ հատոր, ծանոթագրություններ, էջ 693)։

Արտատպված է «Փունջի» երկրորդ հատորից, Թիֆլիս, 1874 թ., էջ VII