Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՎԵՐԱ» (ԷՋ 70)

Րաֆֆին «Ամբաստանություն Վանա Պողոս վարդապետի վերա» հոդվածը գրել է Պոլսից ստացված համանուն վերնագրով մի գրքույկի առիթով:

Պողոսի չարագործությունները հայտնի էին դեռևս 60-ական թվականների սկզբից: Լինելով Վանի առաջնորդ, նա կապված էր քուրդ ու թուրք ավազակների հետ, կողոպտում, ծեծում ու առևանգում էր աշխատավոր մարդկանց:

Պողոսի դեմ բողոքում են Կ. Պոլսի առաջավոր տարրերը և գավառի ազգաբնակչությունը, որոնց ճնշման տակ կրոնական ժողովը որոշում է ժամանակավորապես «քահանայագործելու» իրավունքից ազատել ոճրագործին: Պողոսի դեմ առանձին հոդվածով հանդես է դալիս «Մեղուն», պահանջելով քահանայությունից ընդմիշտ զրկել նրան: Նույն օրերին Սվաճյանին ուղղված նամակում Մ. Նալբանդյանը ողջունում է «Մեղվի» կողմից ժողովրդի իրավունքի պաշտպանությունը և պահանջում է դատի տալ ոճրագործ հոգևորականին: Չբավարարվելով դրանով, Նալբանդյանը «Երկու տող» պամֆլետում կրկին անգամ անդրադառնալով այդ խնդրին, մերկացնում ու դատապարտում է Պողոսին և նրա հովանավորներին:

Մեկ և կես տասնամյակ հետո Պողոսի ոճրագործությունների դեմ հանդես է գալիս նաև Րաֆֆին և Կ, Պոլսի ազգային վարչությունից պահանջում է խոհեմ լինել և լսել Պողոսին պատմել պահանջող ժողովրդի ձայնը:

Պողոս վարդապետի ոճրագործություններին Րաֆֆին անդրադառնում է նաև հետագայում` «Կայծերի» երկրորդ հատորում:

Հոդվածը հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ:

Արտատպված է «Մշակից», 1874 թ,, № 10, էջ 1:

«ՔՆԱՐ ՄՇԵՑՎՈՑ ԵՎ ՎԱՆԵՑՎՈՑ» ԳՐՔՈՒՅԿԻ ԱՌԻԹՈՎ (ԷՋ 76)

Այս հոդվածը մի գրախոսություն է նվիրված Արիստակես վարդապետ Սեդրակյանի հրատարակած «Քնար Մշեցվոց և վանեցվոց» գրքույկին: Րաֆֆին բանասիրական քննության է ենթարկում Սեդրակյանի հավաքած երգերը, արժեքավորելով այդ ստեղծագործությունների մեջ տեղ գտած «ժողովրդի հատկանիշ բնավորությունը», երգերի ազգային բնույթը, ինքնուրույնությունը: Ժողովրդական երգերի կարևորագույն հատկանիշը Րաֆֆին տեսնում է առօրյա կյանքի հետ ունեցած կապի, հարազատության մեջ: «Մշեցվոց և վանեցվոց երգերի մեջ ընթերցողը տեսնում է ոչ թե երևակայական էակներ, այլ մի կենդանի ժողովուրդ, թե որպես ապրում է նա, որպես մտածում, գգում է, վերջապես որպես սիրում է նա»: Ինչ վերաբերում է ժողովրդական երգերի գեղարվեստական արժեքին, ապա Րաֆֆին «գրականական նշանակության» մեծությունը համարում է այդ երգերի բնական գեղեցկությունը: «Որքան ժողովրդական երգերը կազմված լինեին կոշտ-կոպիտ կերպով, որքան նոքա զուրկ լինեին արհեստական գեղեցկությունից, այնուամենայնիվ, նոքա դարձյալ նշանավոր են, որպես անկեղծ թոթովանք, որ բխում է նորա սրտից և նորա կյանքից»: Եթե կամենում ես ճանաչել ժողովրդի հոգին,- կարդա նրա երգերը,- ասում է Րաֆֆին:

Հոդվածը հրապարակված է Մելիքզադե ստորադրությամբ:

Արտատպված է «Մշակից», 1874 թ., N 19, էջ 1: