Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հայ կինը» աշխատության հրատարակման հետ կապված է գրաքննչական մի պատմություն, որի իսկությունը այս դեպքում անլուծելի է դառնում հեղինակային ինքնագրերի բացակայության պատճառով։ «Հայ կինը» տպագրվելու ընթացքում «Մշակի» 41-րդ համարում խմբագրությունը հրատարակում է մի այսպիսի հայտարարություն. «Վ. Ագուլիս. Մելիքզադե Մենք մեղավոր չենք, որ Ձեր հոդվածը կրճատված է տպվում»։ Այստեղից ակնհայտ է դառնում, որ «Հայ կինը» տպագրվելու ընթացքում ենթարկվել է գրաքննչական կրճատումների: Այդ են վկայում նաև «Մշակի» 35 և այլ համարների սյունակներում բաց մնացած տարածությունները։ Հայտնի է, որ «Հայ կինը» «Հայ երիտասարդությունը» աշխատության հետ միասին հրատարակվում է 1890 թ. առանձին գրքով։ Այս և «Մշակում» հրատարակված տեքստերի համեմատությունից պարզվում է, որ «Մշակում» 36-րդ համարից հետո եկող տեքստի հաջորդականության մեջ գոյություն ունի տարբերություն։ Ամենից հավանական ենթադրությունն այն է, որ «Մշակի խմբագրությունը գրաքննիչի կողմից հանված տեքստը նորից է ներկայացրել վերջինիս և կարողացել է անցկացնել, որի հետևանքով էլ 36-րդ համարից հանված հատվածը տպագրվել է աշխատության վերջնամասում։ «Հայ կինը» «Մշակում» տպագրվելուց հետո արժանանում է ընթերցողների ամենալայն ուշադրությանը։ «Մշակի» 145-րդ համարում տպագրված մի հայտարարությունից մենք իմանում ենք, որ Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնի ուսանող Ս. Դադյանը Րաֆֆու մի շարք ուրիշ գործերի հետ ռուսերեն է թարգմանել նաև «Հայ կինը» աշխատությունը։ Նույն աշխատությունը «Кавказ» լրագրի համար թարգմանում է նաև Հով. Աթանեսյանը (տե՛ս «Մշակ», 1879 թ., № 152, էջ 3), «Հայ կինը» առանձին գրքով լույս տեսնելուց հետո ընդարձակ «Մատենախոսություն» է հրապարակում նաև «Նոր-դար» թերթը, ըստ ամենայնի բարձր գնահատելով աշխատության հասարակական արժեքը (տե՛ս «Նոր դար», 1890 թ., № 64 — 65)։ «Մշակում» «Հայ կինը» հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ։ Արտատպված է Րաֆֆու «Հայ կինը և Հայ երիտասարդությունը» գրքից Թիֆլիս, 1890 թ.։

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈԻԹՅՈԻՆԸ (ԷՋ 380)

«Հայ կինը» աշխատության հրապարակումից հետո, «Մշակի» 1879 թ. նոյեմբերի 6-ի համարից սկսած պարբերաբար տպագրվում է նաև նրա «Հայ երիտասարդությունը» վերնագրով հոդվածը (տե՛ս «Մշակ», 1879 թ., №№ 192— 195, 197—199, 201—208)։ Ձեռնարկելով այս աշխատությունը, Րաֆֆին ցանկանում էր երիտասարդության՝ հասարակության այդ թարմ ուժի մեջ տեսնել կազմակերպված և ուժեղ միասնություն, որը անհրաժեշտության դեպքում պետք է ուղղություն տա ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Հայ երիտասարդությանը բնորոշելիս Րաֆֆին նրա բնավորության էական հատկանիշը կապում է միջավայրի ֆիզիկական ներգործության հետ, Լեռնաբնակները, ըստ նրա, ավելի քաջ են, ազատասեր և ըմբոստ, իսկ հարթավայրի բնակիչները աշխատասեր են, խաղաղ և երկչոտ։ Նա երբեմն հարցին տալիս է