Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նաև սոցիայական լուծում, նշելով, որ «աղքատների զավակները ավելի լավ ուսանողներ են, քան հարուստներինը»։

Խոսելով Ռուսաստանում և Եվրոպայում սովորող հայ ուսանողության մասին, Րաֆֆին նրանց շարքերում նշմարում է տարբեր հասկացողության տեր մարդկանց։ Նա ամենախիստ կերպով քննադատում է իր ազգությանը արհամարհող, թղթախաղով ու զվարճությամբ տարված այն պորտաբույծներին, որոնք հայրենիք են վերադառնում առանց հիմնավոր գիտելիքների։ Դրանց կողքին նա ցույց է տալիս ջանասեր և գործունյա ուսանողներին, որոնցից մեծապես կարող է օգտվել ժողովուրդը, եթե նրանք չունենային առանձին հայեցակետ և հանդես գային միասնական գաղափարներով ու ձգտումներով։ Իբրև օրինակ, Րաֆֆին մատնացույց է անում ռուս ուսանողներին, որոնք «հետևում են ժամանակակից մտքերին ու շարժումներին և հետաքրքրվում են ժողովրդի ներքին խավերի վիճակով, զբաղվում են քաղաքական մտքերով»: Նա մեծ ոգևորությամբ է խոսում Նաև ֆրանսիական ուսանողների դեպի քաղաքական հարցերը ցուցաբերած ակտիվ վերաբերմունքի մասին։ «Քաղաքական հեղափոխության ժամանակ,— գրում է Րաֆֆին,— նրանք զարթնում են որպես քնած առյուծ և առաջինն են լինում, որ թնդացնում են փողոցները մարսելյոզներով, փշրում են բռնակալների արձանները և թռչում են բարիկադների վրա։ Ով որ ծանոթ է Ֆրանսիայի պատմությանը, գիտե, թե որպես մեծ դեր խաղացին ուսանողները, մանավանդ Կոմունայի ժամանակ»։

Նկատելով, որ հայ նահապետական օջախում կրթված երիտասարդը ձեռք է բերել որոշ իրավունքներ՝ ընտանիքում կարևոր հարցերը լուծելիս «նրա հետ մասլահաթ են անում», միաժամանակ դպրոցական գործի ղեկավարությունը տեսնելով երիտասարդության ձեռքում, Րաֆֆին նրանց հետ է կապում նաև ժողովրդի մեջ միասնականության ամրապնդման գործը։

Հայ երիտասարդությանը խրախուսելով ռուսական և ֆրանսիական ուսանողության օրինակով, Րաֆֆին ցանկանում է նրանց նպատակներին կազմակերպված ձև տալ, նրանց եռանդը և կրթության գործը դնել մտածված ուղու վրա. Հիմնականում այս տեսանկյունից էլ ձեռնարկում է ուսանողության, երիտասարդ արհեստավորների, գործակատարների, մշակ դասի, ջրկիրների կյանքի և գործունեության ուսումնասիրումը։ «Հայ երիտասարդությունը» հոդվածի տպագրումը մեծ իրարանցում է առաջացնում հասարակական տարբեր շրջաններում։ «Մշակի» հասցեով բազմաթիվ նամակներ ու թղթակցություններ են ստացվում, որոնց մեջ ընթերցողները իրենց համակրանքն են արտահայտում «Հայ երիտասարդությանը» հոդվածի առթիվ։

«Հայ երիտասարդությունը» տպագրումից չանցած մեկ ամիս, «Մշակում» հրապարակվում է Մոսկվայի համալսարանի իրավաբանության բաժնի ուսանող Ս․ Դադյանի նամակը (տե՛ս «Մշակ», 1879 թ., № 217, էջ 2), որտեղ վերջինս Մելիքզադեին մեղադրում է, որ նա ուսանողությանը լավ չի ճանաչում, որ նրանք ունեն այս և այն արժանիքները և այլն։

Այս նամակի առիթով «Մշակի» 226-րդ համարում Րաֆֆին հանդես է գալիս իր «Ինչով ենք մխիթարվում» ընդարձակ հոդվածով։ Ինչպես պարզվում Է հոդվածից, Րաֆֆին ցանկանում էր, որ ուսանողությունը սթափվի և գիտակցելով ժողովրդի կողմից իր վրա դրված պարտականությունները, գործով հաստատի արժանիքները։