Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուր շռայլության հոսանքին, չէ դիմանում և, վերջապես, ընկնում է։ Այդ սարսափելի դրամատիկական պատերազմը կյանքի և մահվան մեք տեսնում ենք Օսեփի տիպի մեջ։

2

Օսեփը երևակայական տիպ չէ։

Նորա մեջ կա հասկացողություն և համոզմունք. նորա մեջ կա կամք և հաստատամտություն, մի խոսքով, նա թույլ բնավորություն չէ։ Այսուամենայնիվ, նորա ազդեցությունը յուր գերդաստանի վերա ստանում է բոլորովին թույլ կերպարանք, երբ նա, մի կողմից շփոթվելով յուր արտաքին գործերի անհաջող հանդամանքներից, մյուս կողմից, տանջվում է ընտանեկան երկպառակություններով։ Վերջին երևույթը ավելի խոշոր կերպարանք է ստանում այն ժամանակ, երբ նորա աղջկան, Նատոյին ուզում են ամուսնացնել։ Օսեփի կինը, Սալոմեն, չգիտե և չէ էլ ցանկանում գիտենալ յուր ամուսնի դժբախտ դրությունը։ Նա պահանջում է յուր մարդուց մեծ բաժինքով յուր դուստրը չինովնիկի կին շինել։ Օսեփը մանրամասնաբար պատմում է Սալոմեին յուր վիճակը, թե նորա պահանջմունքը վեր է յուր կարողությունից, այլև խորհուրդ է տալիս, որ ավելի հարմար է յուրյանց դստեր ապագա բախտավորությանը լինել մի համեստ և աշխատավոր վաճառականի կին, որ բավականանար փոքր բաժինքով, քան թե մեծ բաժինքով գնալ որևիցե գրպանը և գլուխը դատարկ չինովնիկին։ Բայց այդ կինը այդ ընտանեկան կռվի մեջ տանում է հաղթությունը։ Նատոն նշանվում է Ալեքսանդր Մարմարով չինովնիկի վերա։

Անբնական մի երևույթ է թվում այդ, որ հայ տղամարդը դարերով կնոջ վերա տիրող և նորան ստրկացնող բռնակալը, հանկարծ ենթարկվում է նորա ազդեցությանը։ Բայց հեղինակը չէ սխալվել այստեղ, նա որսացել է մեր այժմյան ընտանեկան կյանքից ամենազգալի մի գիծ։ Այստեղ երևում է մեր առաչյոք քաղաքակրթված հայ կնոջ տիպը, որ ինչպես ինքը Օսեփը բացատրում է «վուտումեն ինչրու բողազը փռանգստնու է ու գլուխը կի էլի էն է մնացի»: Հայ կինը, արտաքին ձևերով նմանելով Եվրոպայի կնոջ օրինակներին, առանց նոցա կրթությունը և ուսումը յուրյանը սեփականելու, միայն լինում է մոդայի և մոդնի մագազիններին գերի, դառնում է ընտանիքի ծանրությունը, բաժանորդ