Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապվում է յուր նման մի երիտասարդի հետ, որպես էր Ալեքսանդր Մարմարովը։ Վերջինս չունե յուր աչքի առջև որևիցե անձնական արժանավորությունը Նատոյի, միակ բանը, որ գրավում է նորան դեպի Նատոյի սերը, է՛ այն քանի մի հարյուր թուման փողը, որ պիտի ստանար նա որպես բաժինք։ Այդ պատճառավ, Օսեփի անակնկալ դժբախտության հետ, երբ քանդվում է նորա բոլոր նյութական զորությունը, նորա հետ և վերջանում է Մարմարովի սերը դեպի յուր հարսնացուն, երբ նա մտածում է, թե այլևս ոչինչ ստանալու հույս չկա։ Փողի հաշիվը, բոլորովին նյութական նպատակը դեպի ամուսնական կապը, մինչ այն աստիճան կուրացրել են թեթևամիտ, բայց միևնույն ժամանակ կրթված երիտասարդին, որ նա արտասուքը աչքերում թողում է և հեռանում է Նատոյից...

4

«Քանդված օջախի» մեջ բոլորովին հակառակ Օսեփին, որպես նորա հակապատկերը,— հանդիսանում է մի այլ տիպ - «Լիպրոինց Մաթուսի վուրթի Փարսեղը»։ Այդ անձնավորությունը մի հարազատ ծնունդ է մեր անկարգ, փչացած, հասարակական կազմակերպության։ Սնվելով, զարգանալով անբարոյական շրջանի մեջ, ուր միշտ խաբում են, կողոպտում են, մի խոսքով, ամեն կեղտոտ միջոցներ գործ են դնում միայն արծաթ որսալու նպատակով, Փարսեղը կազմել է յուրյան մի ամբողջ գաղափար, թե աշխարհումս սուրբ բան չկա: Հիմնվելով այդ վարդապետության վերա, Փարսեղը յուրյան ներելի է կացուցանում բոլոր անարդար հնարները հարստանալու և նա հասնում է յուր նպատակին։ Ծածկելով յուր կեղտոտ անցյալը ոսկու թիթեղի տակ, փինաչի Մաթուսի տղան հանդիսանում է որպես պատվավոր քաղաքացի, նա ստանում է վարկ և կշիռ, նորան պատվում են և երկրպագում են։ Նորա առևտրական խանութը պատկերացնում է այն հիմնարկությունը, եթե կարելի է այդպես ասել, այն ըշկոլան, ուր պատրաստվում են այդպիսի Փարսեղներ, այդպիսի պատվավոր քաղաքացիք։ Խաբեությունը, ստախոսությունը և խորամանկությունը՝ գլխավոր դասախոսության այդ ըշկոլայի ամբիոնից առարկայքն են, որք քարոզվում են։ Փարսեղը գլխավոր պրոֆեսորի դերն է խաղում։ Նորա աշակերտները հպատակում են նորան, որպես մի բարձր հեղինակության։ Փարսեղը գովում է յուր մեծ աշակերտի` Դարչոյի, այդ պրիվատ դոցենտի առաջադիմությունը