Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր ուսման մեջ և նախագուշակում է նորա բախտավոր ապագան, որին նա մի օր կհասներ այդ կեղտոտ ճանապարհներով։ Փարսեղը նախատում է, մինչև անգամ ծեծում է, յուր դուքնի փոքրիկ աշակերտ անմեղ Միխոյին, նորա անընդունակության համար, որ նա չէր կարողանում կտավը ձգելով, և արշինի տակ սլլացնելով, օրինակի համար, տասը գազը` տասներկուսի տեղ ծախել։ «Դուն մարթ չիս դառնա»— ասում է ուստան, խեղճ աշակերտի ականջներեն ձիգ տալով։

Աչքի առաջ ունենալով այդպիսի Փարսեղները, աչքի առաջ անելով նոցա առևտրական խանութները, ուր պատրաստվում են յուրյանց նման վաճառականներ, ինքնըստինքյան պարզվում է այն հարցը, թե ինչու մեր, հայերիս, մեջ շատ փոքր են թվով օրինավոր և յուրյանց գործը խղճմտանքով վարող առևտրական մարդիքը: Հայտնի բան է, որ Օսեփները մի մասնավոր բացառություն են կազմում այդ փչացած դասի մեջ։ Նոքա լինելով փոքր ի շատե յուրյանց խղճմտանքով կենդանի մարդիկ, չեն կարողանում ազատ մրցություն անել ամենայն խաբեբայությամբ զինավորված բազմության հետ, և նոքա ընկնում են։ Ահա գլխավոր անբախտության պատճառը Օսեփի և նորա ընտանիքի։

5

Փարսեղը այն է յուր ընտանիքի մեջ, ինչ որ է յուր առևտրական խանութումը։ Նա կամենում է այնպես «գլխիցը ռադ անել» յուր աղջիկը — տան անպետք վաճառքը, որպես նորա ուշիմ աշակերտ Դարչոն «սաղացրեց» — փտած ապրանքը խեղճ սղնախեցու վերա ծախելով: Նա կամենում է և այդ առևտուրի մեջ մրցություն անել յուր հակառակորդի հետ։ Այդ ձեռնարկության մեջ նորան գործակից է լինում յուր կինը` Քալին։ Նոքա միասին խորհուրդ են անում խլել Օսեփի և նորա կնոջ Սալոմեի ձեռքից, նոցա աղջկա, Նատոյի նշանածը` Ալեքսանդր Մարմարովին։ Աշխարհի ամեն բաների շինվելու և քանդվելու գլխավոր ուժը միայն փողի մեջ ճանաչող հայ վաճառականը ձեռք է առնում այդ զորավոր գործիքը։ Նա խոստացել է տալ Մարմարովին 100 թուման ավելի, քան Օսեփի խոստացածը, այլև ամենայն խորամանկ հնարներով աշխատում է վերջինիս ղրկել յուր նյութական միջոցներեն, կոտրել նորա վարկը առևտուրի մեջ, որպեսզի նա չկարողանա վճարել խոստացած արծաթը յուր փեսացուին։ Հիշյալ դավադրությանց