Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ փոքր չէ օգնում Փարսեղին նորա աշակերտ Դարչոն, որը սկսում է սուտ լուրեր տարածել Օսեփի գործերի ավերված վիճակի մասին, և հրապարակավ պահանջել այն գումարը, որ Օսեփը պարտական էր յուր ուստային։ Փարսեղը յուր կողմից ուրանում է Օսեփից որպես գրավ ստացած «չարչիի բարաթները» և գործը դատաստանին հասցնելով, Օսեփի դուքանը կնքել է տալիս: Օսեփը սնանկանում է։ Եվ նորա աղջիկը` Նատոն, որպես հիշեցի, զրկվում է հիմար և միևնույն ժամանակ շահասեր Մարմարովի կինը լինելուց։

Իհարկե Օսեփի սնանկության գլխավոր պատճառը պետք է որոնել, ոչ միայն Փարսեղի չարանենգ դարանագործությանը մեջ, որ նա վերջինիս մի հարվածքովը գլորվեցավ դեպի անկումն, այլ նորա գործերի անհաստատ և փտած տրամադրության մեջ, որոնք շատ տարիների հասարակական և տնտեսական պայմանների հետևանքներ էին, որոնց ակամա կերպով ենթարկվել էր խեղճ Օսեփը։

6

Որպես երկրորդական տիպեր «Քանդված օջախի» մեջ հանդիսանում են Օսեփի` Գևոն, նորա մտերիմ բարեկամը, իսկ Փարսեղի կողմից` Գիժ Մոզին, նորա մերձավոր ազգականը։ Գևոն երևում է մի թույլ բնավորություն, թեև բարի և խղճմտանքով մարդ: Նա յուր բարեկամի դժբախտությանը չէ կարողանում այլ բանով օգնել, միայն նորա սնանկանալու ժամանակ բավականանում է նորանով, որ չէ ցանկանում պահանջել նորանից այն գումարը, որը Օսեփը պարտական էր յուրյան։ Իսկ Գիժ Մոզին չէ կարելի ասել, թե իսկական տիպ է, նորան կարելի է համարել մի երևակայական մարդ, որին ստեղծել է հեղինակի քանքարը, Փարսեղի բոլոր չարագործություններին և նորա կեղտոտություններին թարգման լինելու։

Իսկ ինչ որ վերաբերում է «Քանդված օջախի» բեմական նշանակությանը, պետք է ասել, որ նա հորինված է բավականին գեղարվեստական կերպով։ Տիպերը հանդես են դուրս գալի խիստ հատկանիշ բնավորություններով. իսկ լեզուն, խոսքերը, արտահայտությունքը` հնչվում են ժողովրդի սրտի և հոգու խորքիցը։ Ձանձրացնում է միայն մոնոլոգների երկարությունը, և էֆեկտը վերջանալու միջոցին խիստ սառն է, երբ այն տխուր դրամատիկական րոպեում, որ կործանվում է Օսեփի տնտեսական կյանքը,